ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ուկրաինացի գրոհայինները ԴԺՀ-ի Արտյոմովսկ քաղաքում ուզում են պայթեցնել ամբարտակն ու դրանում մեղադրել ՌԴ ԶՈւ–ին։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանական վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նրա խոսքով` եթե ծրագրածը հաջողվի իրականացնել, ջրի տակ կանցնեն ավելի քան 35 հազար բնակչություն ունեցող բնակելի թաղամասեր։
«Առկա հավաստի տեղեկությունների համաձայն` ԴԺՀ–ի Արտյոմովսկ քաղաքում ուկրաինացի զինյալները ականապատել են քաղաքային ջրամբարի ամբարտակը, որը նրանք նախատեսում են պայթեցնել, որից հետո Կիևի իշխանությունները, արդեն մշակված սցենարի համաձայն, ուկրաինական և արևմտյան ԶԼՄ–ներում լայն լուսաբանմամբ կմեղադրեն ՌԴ ԶՈւ–ին հիդրոդինամիկ վտանգավոր օբյեկտներին անկանոն հարվածներ հասցնելու մեջ», – ասել է Միզինցևը։
Բացի այդ գեներալը հավելել է, որ ջրի արտահոսքից հետո կարող են վնասվել կենսագործունեության համակարգերը (ջրատար, կոյուղի և մաքրման շինություններ), ինչը սանիտարահամաճարակային վիճակի կտրուկ վատթարացման կհանգեցնի։
Միզինցևը հայտնել է նաև, որ ուկրաինացի զինվորականները կրակակետեր և զինամթերքով պահեստներ են դրել Կրիվոյ Ռոգի բնակելի տներում, ընդ որում` խաղաղ բնակիչները չեն տարհանվել։
Ավելին, տարածքային պաշտպանության ուկրաինացի գրոհայինները Դնեպրոպետրովսկում ինդուստրիալ ուսումնարանի տարածքում և ազգային համալսարանի հանրակացարանում զենք ու զինամթերքով պահեստ են պահեստավորել` առանց մերձակա տների խաղաղ բնակիչներին տարհանելու։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 155-րդ օրը։