Ծեծկռտուք ու կրակոցներ Երևանում. 1 կին ու 1 տղամարդ հիվանդանոց են տեղափոխվել

Կինը փորձել է միջամտել ամուսնու՝ 49-ամյա տղամարդու ու անծանոթի վիճաբանությանը. վերջինս հարվածներ է հասցրել նաև նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ թաղամասի 11-րդ փողոցի 1-ին նրբանցքում հուլիսի 28-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, իսկ «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդագրություն է ստացվել, որ իրենց մոտ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 36-ամյա կին ու 49-ամյա տղամարդ, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Հաղորդումների հիման վրա Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) 2-րդ մասի 7-րդ կետով (2 դրվագ), 334-րդ հոդվածի (Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) 1-ին մասով և 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիվանդանոց տեղափոխված անձինք ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ։
Ապարանի կրակոցներից վիրավորված ԱԱԾ աշխատակիցը դեռ անգիտակից է. փամփուշտը գլխից չեն հանել

Պարզվել են նշված անձանց` վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ:

Նախնական տվյալներով՝ 49-ամյա տղամարդը հիշյալ վնասվածքն ստացել է անծանոթ անձի հետ վիճաբանության ընթացքում, ինչը նկատելով նրա կինը՝ փորձել է միջամտել վիճաբանությանը, սակայն ամուսնու հետ վիճաբանող անձը հարվածներ է հասցրել նաև նրան, իսկ երբ ամուսիններն արդեն գտնվել են հիվանդանոցում, նույն անձը վերադարձել է դեպքի վայր և կրակոցներ արձակել։

Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր և «АК-74» ինքնաձիգի` կրակված պարկուճներ։ Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։

Նախաքննությունը շարունակվում է։