ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամանով ՔԿ–ում ստեղծվել է խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու (կամ անցնելու) հանցագործությունների քննության վարչություն, տեղեկանում ենք ՔԿ–ից։
«Ներկա պահին քննչական կոմիտեում իրականացվում են նորակազմ վարչության համալրման և վերջինիս գործունեությունը պատշաճ կերպով կազմակերպելուն ուղղված աշխատանքներ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնարկային գործընթացներին զուգահեռ ՀՀ քննչական կոմիտեում ձեռնարկվում են նաև միջոցառումներ, որոնց արդյունքում կապահովվի նոր կազմավորված ստորաբաժանման մասնագիտական պատրաստվածությունը և համակողմանի նախաքննության իրականացումը:
Նշվում է, որ նոր ստորաբաժանման ձևավորումը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով՝ խոշտանգումների, ինչպես նաև ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, զենք կամ հատուկ միջոց օգտագործելով քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ քրգործերի նախաքննությունը քննչական կոմիտեին վերապահված լինելու հանգամանքով:
Նշենք, որ 441-րդ հոդվածը սահմանում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, իսկ 549-րդը սահմանում է իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելու դեպքը։