ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց 2022 թվականի մարդահամարի ծրագիրը (հարցաշարը)։
Համաձայն այդ հարցաշարի, ինչպես նախկինում, այժմ էլ անձը պետք է նշի իր բնակության վայրը, հասցեն, անհատական տվյալները, ծննդավայրը, ազգությունը, թե ինչ լեզուների է տիրապետում, գոյության միջոցի հիմնական աղբյուրը, կրթական մակարդակը, անձի աշխատավայրը, կրոնական պատկանելությունը և այլն։
2011 թվականի համեմատ հարցերի տարբերակներն ավելացել են։ Օրինակ` կրոնական պատկանելությանը վերաբերող կետում փոփոխություններ են կատարվել։ Նախկինում տարբերակներից էին միայն Հայ առաքելականը, կաթոլիկը, ուղղափառը, շարֆադինականը (եզդիների կրոնն է), ավետարանականը, Եհովայի վկաները, մոլոկանները։ Այժմ ցուցակում ներառված են նաև բողոքական, մորմոն, հուդայական, Կրիշնա գիտակցության կամ Հարե կրիշնա, ինչպես նաև տրանսցենդետալ մեդիտացիա։
Մարդահամարը կանցկացվի 2022-ի հոկտեմբերի 13-ից 22-ը։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի պետք է մարդահամար անցկացվեր, սակայն կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ այն հետաձգվեց։ Բյուջեով դրա համար նախատեսված 936.6 մլն դրամը փոխանցվել էր ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: