Անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կերկարաձգվի ևս կես տարով

Արխիվային լուսանկար
76 ընտանիքի օգնություն կվճարեն միանգամից երեք ամսվա համար` մարտից հունիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կերկարաձգվի ևս կես տարով։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ Այսպիսով, աջակցության ժամկետը երկարաձգվել է 15-ից մինչև 21 ամիս:
Այդ զինծառայողների ընտանիքները ստանում են ամսական 300 հազար դրամ։

Հուլիսի 11-ի դրությամբ նշված կատեգորիայի ընտանիքները 76-ն էին, նրանց վճարումները դադարեցվել են 2022 թվականի մարտի 1-ից: Այսպիսով, նրանց հետին թվով օգնություն կվճարվի միանգամից երեք ամսվա համար՝ մարտից մինչև հունիս:

Զինվորականին անհետ կորած ճանաչելուց հետո ընտանիքը նրա անունով վճարումներ է ստանում արդեն որպես զոհվածի։
Զոհվածների հարազատները միանվագ ստանում են 10 միլիոն դրամ և ամսական 200-300 հազար դրամ` կախված զոհվածի կոչումից: Նույն ամսական վճարները (առանց միանվագի) ստանում են 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող զինվորականները։
Երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները ստանում են 5 մլն դրամի միանվագ վճարում և համապատասխանաբար 200, 150 և 100 հազար դրամի ամսական վճարումներ: Ամենամսյա վճարումները տրամադրվում են 20 տարի։