Վերջին երկու եռամսյակում կուտակային ֆոնդերը ցույց են տալիս վնասներ, այսինքն` ոչ միայն չի եղել եկամտաբերություն, այլև գրանցվել է բացասական հաշվեկշիռ` եղել են միջոցների կորուստներ։ Սոցցանցերում տարածված մտահոգությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Հանրային կառավարման հարցերի փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։
Ըստ նրա` պատճառն այն է, որ կուտակային ֆոնդերի մի որոշ մասը ներդրումներ է իրականացնում եվրոպական և այլ շուկաներում արտարժույթով։
Նրա դիտարկմամբ` մյուս գլխավոր պատճառը Եվրոպայում սպասվելիք տնտեսական ճգնաժամն է, հետևաբար գրեթե բոլոր ֆինանսական շուկաները բացասական թրենդի մեջ են, կուտակային ֆոնդերը գտնվում են մեծ ռիսկի տակ և հետագայում հնարավոր է, որ քաղաքացիները նույնիսկ երկարաժամկետ կտրվածքով չունենան եկամուտներ իրենց կուտակային ֆոնդերի այն մասից, որը ներդրվել է դրսում։
«Ֆոնդերը մասնավոր են, պետությունն այդտեղ չկա, կառավարիչները դրամով լուրջ ներդրումներ կատարելու տեղ չունեն։ Հետևաբար մարդիկ գնում են բանկեր և չնչին տոկոսներով ավանդ են ձևակերպում, այսինքն` բանկերի համար էժան փող է ապահովվում, մինչդեռ տվյալ ռեֆորմի նպատակն ի սկզբանե դա չի եղել։ Ստացվում է, որ միլիարդավոր գումարների չափով ահռելի ռեսուրսները, որոնք պետք է ծառայեին պետությանը և մեր հասարակության բարեկեցությանը, աննպատակ գցված են մասնավոր ֆոնդերում ու բանկերում, որոնցից հարստանում են միայն այդ ֆոնդերի ու բանկերի կառավարիչները»,- ասաց Ավետիսյանը։
Փորձագետը հիշեցրեց, որ բյուջեի մեկ երրորդն ուղղվում է կեսաթոշակների ապահովմանը, հետևաբար պետությունը պետք է նախապես միջոցներ ձեռնարկեր, որպեսզի թոշակների հետ կապված հարցերը լուծեր։ Նրա խոսքով` եթե տնտեսությունը կառավարվում է լիբերալ համակարգով, այդժամ բոլոր գործիքները տալիս են մասնավոր սեգմենտին, որն էլ հարստանում է ու շատ դեպքերում թերի ծառայում հանրությանը։
Նշենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվել է 2014 թվականից:
Կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներկայումս կառավարվում են մասնավոր ընկերությունների կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից: