ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Կինոյի տան բակում` ձմեռային այգու հատվածում, շարունակվում է գարեջրատան կառուցումը, որի շինարարությունը կասեցնելու որոշում Վարչական դատարանը կայացրել է դեռ մայիս ամսին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանի կինոգործիչների միության փոխնախագահ, կինոռեժիսոր, պրոդյուսեր Միքայել Դովլաթյանը նշեց, որ Հայաստանի կինոգործիչների միությունը դեմ է այդ ապօրինությանը, իսկ Երևանի քաղաքապետն ու քաղաքապետարանն անտեսում են դատարանի որոշումը, քանի որ շինարարությունը շարունակվում է։
«Այս տարածքը մեզ է պատկանում, Կադաստրի կոմիտեից ունենք բոլոր փաստաթղթերը։ Այժմ ձմեռային այգու ծառերի մի մասը կտրել են, տարածքը բետոնապատել ու ցանկանում են գարեջրատուն կառուցել։ Մեր դիմումներն ու զանգերը քաղաքապետարան ու նրանց «թեժ գծին» արդյունք չեն տալիս։ Միության նախկին ղեկավարությունը Կինոյի տան ներքևում գտնվող ռեստորանի տարածքն օտարել էր ու վաճառել X անձի, որն էլ իր հերթին վերավաճառել է նոր կառուցվող գարեջրատան սեփականատիրոջը։ Մենք ռեստորանի դեմ ոչինչ չունենք, մենք պայքարում ենք ներսի հատվածում որևէ շինություն կառուցելու դեմ»,- նշեց Դովլաթյանը։
Միքայել Դովլաթյանը ցույց է տալիս ձմեռային այգու տարածքը։
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով` ձեռային այգու տարածքում հորինվել է մի շինություն, որն օրինականացվել է, այժմ էլ իբրև թե վերականգնվում է այդ գոյություն չունեցող շինությունը։ Դովլաթյանը վստահեցնում է, որ իրենք ունեն բոլոր ապացույցները, որ այդ հատվածում երբևէ ոչինչ չի եղել։ Դատարանին ներկայացվել են բոլոր արխիվային փաստաթղթերն ու ապացույցները այդ տարածքի հետ կապված։
Դատարանին ներկայացվել են բոլոր արխիվային փաստաթղթերն ու ապացույցները այդ տարածքի հետ կապված։
© Sputnik / Aram Nersesyan
Դեռ 2020 թվականին Հայաստանի կինոգործիչների միությունը դիմել է այն ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի շինթույլտվություն չտրվի, այդպես էլ արվել է։
«Այս տարածքում շինարարություն սկսելու թույլտվությունը տվել է Հրաչյա Սարգսյանը, երբ քաղաքապետի պարտականություններն էր կատարում, քանի որ Մարությանն այդ ժամանակ արձակուրդում էր։ Մենք դրանից հետո ենք դիմել դատարան, Վարչական դատարանը մայիսի 25-ին կասեցնելու որոշում կայացրեց, քաղաքապետարանն էլ անտեսեց այդ որոշումը։ Հենց այսօր էլ մենք նոր դատական որոշում ստացանք, որում ասվում է, որ գարեջրատան սեփականատերը բողոքարկել է, վնասներ է կրում, ու պետք է շինարարությունը շարունակվի»,- ասաց Դովլաթյանը։
Կինոյի տան ձմեռային այգու տարածքը
© Sputnik / Aram Nersesyan
Պատրաստվում են վերջնական որոշումը բողոքարկել, հնարավոր է՝ դիմեն նաև Բարձրագույն դատական խորհուրդ ու Հակակոռուպցիոն կոմիտե, քանի որ, ըստ կինոռեժիսորի, կասկածելի որոշումներ են կայացվում։
Հայաստանի կինոգործիչների միությունը պատրաստվում է պայքարել մինչև վերջ։
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ շինարարությունն օրինական է` իրենց համապատասխան վարչությունը թույլտվություն տվել է։
Նրա խոսքով` Վարչական դատարանը կասեցման որոշում է կայացրել, բայց այնպես չէ, որ այդ գործընթացն ապօրինի է։ Ընդգծեց` երեկ արդեն դատարանը ծանուցել է և՛ կառուցապատողին, և՛ կինոգործիչների միությանը, որ կասեցման որոշումը հանվել է։