ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Իրաքի խորհրդարանը քննարկում է երկրի տարածքից թուրքական զորքերի դուրսբերման մասին օրենքի ընդունման հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է Mehr-ը՝ հղում անելով Իրաքի խորհրդարանի անանուն անդամին:
«Իրաքի խորհրդարանը լի է վճռականությամբ` որոշելու Հյուսիսային Իրաքի շրջաններում թուրքական բանակի ուժերի անօրինական ներկայության խնդիրը, ինչն ինքնիշխանության ակնհայտ խախտում է համարվում»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ թուրքական ուժերն ընդլայնել են իրենց ներկայությունը Իրաքում` Քուրդիստանում ռազմական բազաների ու զորանոցների ստեղծման հաշվին:
Նշենք, որ Թուրքիայի բանակը շարունակում է հարձակումներն Իրաքի ներսում մարտական ինքնաթիռների և անօդաչուների օգտագործմամբ, ինչպես նաև ՔԱԿ-ի դեմ պայքարի պատրվակով իր ցամաքային ուժերն ուղղում է Քուրդիստանում գտնվող ռազմակայաններ: