ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպանության շքասրահում կայացել է Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ, ԽՍՀՄ հերոս Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) անձնական իրերի փոխանցման արարողությունը ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանին։ Տեղեկությունը հրապարակվել է դեսպանության կայքում։
Ըստ հաղորդագրության` ծովակալի իրերը եղել են Դմիտրի Խմելյովի մասնավոր հավաքածուում։
Միջոցառմանը ներկա են եղել ՌԴ ՊՆ–ի, ԱԳՆ–ի, Մոսկվայի Հաղթանակի թանգարանի, ՌԴ ԶՈւ Կենտրոնական թանգարանի ներկայացուցիչները, դեսպանության դիվանագետներն ու աշխատակիցները։
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել է Դմիտրի Խմելյովին նախաձեռնության համար և ընդգծել Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների պատմության մեջ մեծ դերակատարում ունեցած անվանի գործիչների և հերոսների հիշատակի պահպանման կարևորությունը։
«Այսօրվա միջոցառմամբ մենք առաջին հերթին հարգանքի տուրք ենք մատուցում անվանի ծովակալին, որի անցած ռազմական ճանապարհը սեփական կոչմանն ու հայրենիքին ծառայելու եզակի օրինակ է։ Իսակովը ոչ միայն տաղանդավոր նավաստի էր, որն արժանացել էր ծովակալի կոչմանն ու դարձել առանցքային գործիչ Խորհրդային Միության ռազմածովային գործում, այլ նաև ականավոր գիտնական», - նշել է դեսպանը։
Հայկական կողմին փոխանցված իրերի շարքում են Իսակովի՝ զեկույցի համար նախատեսված թղթապանակը, մեդալի շնորհման մասին վկայականը` ծովակալ Նիկոլայ Կուզնեցովի ստորագրությամբ, տարբեր լուսանկարներ, շնորհավորական հեռագրեր՝ ուղարկված մարշալ Սեմյոն Բուդյոնիի, մարշալ Ռադիոն Մալինովսկու, մարշալ Հովհաննես Բաղրամյանի և այլոց կողմից։ Այս իրերը ժամանակավոր պահպանման են հանձնված եղել Սամարայի կայազորի թանգարանում։
Հայազգի ծովակալ Իսակովի անձնական իրերը փոխանցվել են «Մայր Հայաստան» զինվորական թանգարանին
© Photo : press office of the Embassy of RA in RF