Աջակցում ենք հարաբերությունների խորացման կոչերին. ՌԴ ԱԳՆ-ն՝ Բադալյանի և մյուսների մասին

Մոսկվայում ուշադրությամբ հետևում են Հայաստանում տիրող իրավիճակին և անկեղծորեն շահագրգռված են, որ Ռուսաստանի դաշնակից երկիրը զարգանա կայուն և կանխատեսելի կերպով, խաղաղության և ազգային համաձայնության մթնոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն աջակցում է եղբայրական Հայաստանի մի շարք հասարակական ակտիվիստների և քաղաքական գործիչների` Ռուսաստանի հետ հարաբերությունները որպես առաջնահերթություն զարգացնելու և խորացնելու կոչերին։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը՝ մեկնաբանելով Հայաստանում հասարակական գործիչների, այդ թվում Արմեն Գրիգորյանի և Միկա Բադալյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացները։
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում ստեղծված իրավիճակին, անկեղծորեն շահագրգռված ենք, որպեսզի մեր դաշնակից երկիրը զարգանա կայուն և կանխատեսելի կերպով՝ խաղաղության և ազգային համաձայնության մթնոլորտում»,- նշել է նա:
Նրա խոսքով` ներքաղաքական կյանքի բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում, համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակներում և, իհարկե, առանց բռնության:
Նեչաևը նշել է նաև, որ Մոսկվայում հետագայում ևս հետևելու են Բադալյանի ճակատագրին, ինչպես նաև սերտ շփումներ են պահպանելու բարեկամ հանրապետության բոլոր պատասխանատու քաղաքական ուժերի հետ:
Միկա Բադալյանի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ. Բաբայան
Նա ընդգծել է, որ Մոսկվայում շահագրգռված են հայ հասարակության համախմբման հարցում, որի ժամանակ հաշվի կառնվեն դրա բոլոր խմբերի շահերը, և մեծ նշանակություն են տալիս Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային հարաբերությունների հետագա համակողմանի խորացմանը, ինչն արտացոլված է 2022 թվականի ապրիլի 19-ին Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների ընդունած համատեղ հայտարարության մեջ:
«Պատրաստ ենք Երևանի հարցման դեպքում աջակցել հանրապետության առջև ծառացած խնդիրների լուծմանը, ներառյալ փորձագիտական մասնակցությունը նրա պետական կառավարման համակարգի բարեփոխմանը»,-եզրափակել է Նեչաևը:
Հիշեցնենք, որ բլոգեր Միկա Բադալյանին ձերբակալել էին մայիսի 24-ին։ Նա համարում է, որ իր ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի։ Հայաստանի քննչական կոմիտեի հայտարարության համաձայն՝ բլոգերը, ճշգրիտ տվյալներ չունենալով, ապրիլի 11-ին իր Telegram ալիքում հայտարարություն է տարածել այն մասին, որ Հայաստանում հնարավոր է ահաբեկչությունների իրականացումը՝ արտակարգ դրության ռեժիմ սահմանելու համար: Նրան մեղադրում են 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին կեղծ տեղեկություններ)։
Ինչ վերաբերում է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, ապա նա կալանքի տակ էր գտնվում մայիսի 18-ից։ Նրան մեղադրում էին «քաղաքացիների ազգային արժանապատվությունը հրապարակավ վիրավորելու» համար։ Պաշտպանությունը պնդում էր, որ գործը սարքված է Գրիգորյանի ընդդիմադիր տրամադրվածության պատճառով։
Գրիգորյանի վիճակը վատացել էր հուլիսի 16-ին. հենց դատարանի դահլիճում նա կորցրել էր գիտակցությունը և մի քանի րոպե անց մահացել: