ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում մեկնարկել է «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով առաջին դատական նիստը։
Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստ
© Sputnik / Aram Nersesyan
Չալաբյանը և նրա պաշտպանական կողմը հայտարարեցին, որ իրենց չեն տրամադրել գործի նյութերը։ Հասարակական-քաղաքական գործիչը դատավորից պահանջեց գործը վերադարձնել քննիչին։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը նշեց, որ խախտվել է Չալաբյանի պաշտպանության իրավունքը։
«Գործի նյութերը մեզ չեն ուղարկվել ոչ մեր մեղքով, այլ օրենքի խախտմամբ։ Պաշտպանական կողմը գործի բոլոր նյութերին ծանոթ չի եղել։ Դա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով չափազանց կարևոր, հիմնարար նշանակություն ունի», - ասաց Հարությունյանը։
Վարազդատ Հարությունյան
© Sputnik / Aram Nersesyan
Նա նշեց, որ քրեակատարողական հիմնարկը չունի անգամ նոր Քրեական օրենսգիրք, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ից։
Ըստ Չալաբյանի` իրավապահ համակարգը այս պայմաններում ազատ է կամայական մեկնաբանել օրենքը, և, դրանից ելնելով, փորձում են իրեն կալանքի տակ պահել։
«Միաժամանակ բոլորը հասկանում են, որ այստեղ հանցակազմ չկա՝ գործը շինծու է»,-ասաց նա։
Չալաբյանը հիշեց, որ իր խոսակցության ձայնագրությունը ապօրինի է արվել, այն մոնտաժվել է, հրապարակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականի կայքում։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Չալաբյանը կալանավորվել է մայիսի 14-ին։