Կալանավորված Վահագն Վերմիշյանը հրաժարվել է բուժօգնությունից. նախարարության պարզաբանումը

Վահագն Վերմիշյան
ՀՀ արդարադատության նախարարությունը վստահեցնում է, որ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահի համար շտապօգնություն կանչելու և բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հրաժարվել է բուժօգնությունից, այդ մասին կազմվել է արձանագրություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Հուլիսի 25-ին դատական նիստերի դահլիճում Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր, և դատական նիստն ընդմիջվել էր։ Ավելի ուշ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապօգնություն կանչելուց և Վահագն Վերմիշյանին ԲԿ տեղափոխելուց: Նա կոչ էր արել ՀՀ արդարադատության նախարարությանը շտապ արձագանքել իրավիճակին։

«Վերմիշյանի համար շտապօգնություն կանչելու և բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել: Նրա փաստաբանը նույն օրը` ժամը 19:00-ի սահմաններում, այցելել է քրեակատարողական հիմնարկ և պահանջել շտապօգնություն կանչել, ինչին ի պատասխան հիմնարկի աշխատակիցները հայտնել են, որ հիմնարկում բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող ստորաբաժանումը կարող է ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն, որից հետո միայն անհրաժեշտության դեպքում կհրավիրի շտապօգնության բրիգադ»,- հայտնում են նախարարությունից:

Գերատեսչությունը վստահեցնում է, որ Վերմիրշյանը մինչ փաստաբանի այցը առողջական վիճակի վերաբերյալ որևէ գանգատ չի ներկայացրել, միայն փաստաբանի ժամանելուց հետո` ժամը 19:30-ի սահմաններում, գլխապտույտ, սրտխառնոց գանգատով դիմել է ստորաբաժանման հերթապահ բուժքրոջը:
«Բուժանձնակազմի կողմից իրականացվել է Վերմիշյանի զննություն: Օբյեկտիվ զննության արդյունքում արձանագրվել է զարկերակային ճնշում-130/80, պուլս-80 զարկ/րոպե, ինքնազգացողությունը եղել է բավարար: Բուժքրոջ կողմից առաջարկվել է դեղորայքային միջամտություն՝ կապված ներկայացրած գանգատների հետ, որից Վերմիշյանը հրաժարվել է՝ պահանջելով կանչել շտապօգնության բրիգադ, որի կարիքը չի եղել»,- նշված է հաղորդագրությունում:
Բացի այդ, ըստ նախարարության, նույն օրը՝ ժամը 20:35-ի սահմաններում, Վերմիշյանը կրկին գանգատով դիմել է բուժանձնակազմին, սակայն կրկին հրաժարվել է առաջարկված բժշկական օգնությունից՝ կրկին պահանջելով կանչել շտապօգնության բրիգադ: Վերմիշյանը հրաժարվել է խցից դուրս գալ բուժօգնություն ստանալու համար: Վերոգրյալի մասին կազմվել է համապատասխան արձանագրություն:
«Ժամը 21:30-ի սահմաններում Վերմիշյանն ընդունել է փաստաբանին, հանդիպումն ավարտվել է ժամը 22:05-ի սահմաններում: 23:30-ին հերթապահ բուժքույրը գիշերային ստուգայց է կատարել, որի ընթացքում Վերմիշյանը գանգատներ չի նշել, ասել է, որ իրեն լավ է զգում, ոչ մի բանի կարիք չունի»,- եզրափակել է գերատեսչությունը։
Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ երեկ` դատական նիստից հետո, երբ իր պաշտպանյալի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ՔԿՀ-ից ասել են, թե հիմա շտապօգնություն կկանչեն և Վերմիշյանին կտեղափողեն Էրեբունի ԲԿ։ Սակայն դա տեղի չի ունեցել։ Ինչ վերաբերում է նախարարության պարզաբանմանը, ապա, ըստ փաստաբանի, բժիշկը տեղում չի եղել, ճնշումը չափել է բուժքույրը, մինչդեռ Վերմիշյանը լուրջ բուժզննման կարիք ունի։

«Մենք ակնկալում ենք մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտություն, սոնոգրաֆիա, որպեսզի հասկանանք` մարդու գլխում ինչ է կատարվում»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք` Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 2020 թվականի փետրվարի 5-ին Վերմիշյանը ձերբակալվեց։ Վերմիշյանի գործով անցնողներից մեկը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն նույնպես բավարարվել է։ Սակայն Ֆարխոյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Դատարանը բավարարել է նրա պաշտպանների միջնորդությանը, և Ֆարխոյանն ազատ է արձակվել։
Վերմիշյանն իր հերթին քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Նա պահանջել է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրել իր պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար բարի համբավը արատավորելու համար։ Վերմիշյանն իր դեմ հետապնդումն ակնհայտ քաղաքակական է համարում, իսկ ազատազրկումը, նշում է՝ միջազգային իրավունքում դրան տրված բնորոշմանը համաձայն, բավարարում է քաղբանտարկյալի բոլոր չափանիշներին։