Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման առաջարկներ են նախապատրաստվել․ Բորել

Եվրոպացի դիվանագետը կարծում է, որ անհրաժեշտ է անհապաղ օգտվել հաջողության հասնելու հնարավորությունից՝ անհրաժեշտ որոշումներ ընդունելով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ԵՄ-ի եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մանրակրկիտ առաջարկություններ է պատրաստել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման վերաբերյալ: Այս մասին ասվում է Բորելի հոդվածում, որը հրապարակվել է Financial Times-ի կայքում։
Ինչպես նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը, Վիեննայում 15 ամիս ինտենսիվ բանակցություններից և ԳՀՀԾ-ի մասնակիցների, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ բազմաթիվ զրույցներից հետո ինքը եկել է այն եզրակացության, որ նոր նշանակալի փոխզիջումների համար տարածքը սպառված է:
«Հիմա ես տեքստ եմ ներկայացրել, որտեղ մանրամասնորեն ներկայացված են Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հարցերը և միջուկային ոլորտում այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ԳՀՀԾ-ի վերականգնման համար»,-հայտնել է Բորելը:
Դիվանագետի խոսքով՝ այդ տեքստը «լավագույն հնարավոր գործարքն» է, որն ինքը` որպես բանակցությունների համակարգող, հասանելի է համարում:
«Սա իդեալական համաձայնագիր չէ, սակայն այն հաշվի է առնում բոլոր առանցքային հարցերն ու փոխզիջումները, որոնց մեծ դժվարությամբ հասել ենկողմերը»,-նկատել է եվրոպացի դիվանագետը:
Նա կարծում է, որ անհրաժեշտ է անհապաղ օգտվել հաջողության հասնելու հնարավորությունից՝ անհրաժեշտ որոշումներ ընդունելով։
Ռուսաստանն ու Իրանը պատրաստ են ռազմավարական դաշինքի
Բորելը նաև հավելել է, որ ԵՄ-ն կիսում է ԱՄՆ-ի անհանգստությունը, որտեղ իրանական գործարքը վիճահարույց քաղաքական թեմա է մնում, և ինքն էլ անհանգստացած է Իրանում մարդու իրավունքների պահպանման իրադրության և մերձավորարևելյան տարածաշրջանում նրա քաղաքականության հարցերում: Սակայն եվրոպական քաղաքականության տեսանկյունից` ԳՀՀԾ-ն առանձին խնդիր է, որը երբեք չի կապվել այդ հարցերի հետ։
Նա նաև հայտարարել է, որ հասկանում է Իրանի մտահոգությունը արևմտյան երկրների կողմից միակողմանի քայլերի հնարավորության պատճառով, որոնք կարող են խափանել գործարքը, սակայն վստահեցնում է, որ իր առաջարկները Թեհրանին մեծապես պաշտպանում են նման ռիսկերից:
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք են կնքել՝ ԳՀՀԾ-ն, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում` Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Եթե ԱՄՆ կասեցնի միջուկային պայմանագիրը, հետևանքները մեկ շաբաթվա ընթացքում կերևան. Ռոհանի
Վիեննայում բանակցություններ են ընթացել ԳՀՀԾ-ի վերականգնման և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ: 2021 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության են եկել համաձայնագրի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել է նաև Իրանի դիրքորոշումները։ Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քանիի խոսքով՝ բանակցությունները հաջող էին ընթանում, սակայն ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը Վիեննայում առաջընթացը համեստ էր գնահատել՝ Թեհրանին կոչ անելով խնդրին լուրջ վերաբերվել: Կողմերի՝ իրենց մայրաքաղաքներվերադառնալուց հետո մարտի վերջին բանակցությունները դադարեցվել էին։ Իրանի ԱԳՆ-ն դրանում մեղադրում է ամերիկյան վարչակազմին։ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել հունիսի 29-30-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում: