Հայաստանում մեկնարկել է կոլորեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։
Sputnik
Հուլիսի 15-ից Հայաստանում մեկնարկել է կոլորեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը, որի նպատակն է բնակչության 50-ից 75 տարիքային խմբում կոլորեկտալ քաղցկեղի կանխարգելումը և վաղ հայտնաբերումը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի, սիգմայաձև աղիքի և հետանցքի քաղցկեղը չարորակ նորագոյացությունների մեջ իր տարածվածությամբ 3-4–րդ տեղն է զբաղեցնում։
Մեր երկրում 2021 թվականին կոլորեկտալ քաղցկեղով հիվանդացության ցուցանիշը կազմել է 25.5՝ ըստ 100.000 բնակչի հաշվով (756 դեպք), տարածվածությունը՝ 167.9 (4972 դեպք), իսկ մահացությունը՝ 16 (475 դեպք): Հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներն (դեպքերի 83.6%) արձանագրվել են 60 և բարձր տարիքային խմբերում։
Ավելի տխուր փաստ է, որ չափազանց բարձր է ուշ հայտնաբերված դեպքերի թիվը, մասնավորապես` 2021 թվականին կոլորեկտալ քաղցկեղի շուրջ 70.9%-ը, հայտնաբերվել է հիվանդության 3–րդ և 4-րդ փուլում։