Դրամաշնորհ Հայաստանին. ԵՄ–ն կորոնավիրուսի հաղթահարման համար վերջին 6 մլն եվրոն է տալիս

ՀՀ փոխվարչապետի խորհրդականը նշել է, որ ԵՄ գործընկերները շատ բարձր են գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Եվրոպական միության հետ երկկողմ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում պետական բյուջե է փոխանցվել 14.2 մլն եվրո։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը` նշելով, որ աշխատանքներն իրականացվել են Գրիգորյանի համակարգմամբ։
«Covid-ի արդյունքում առաջացած խնդիրների մեղմման և սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացման նպատակով Մհեր Գրիգորյանի գրասենյակի կողմից իրականացվող բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում պետբյուջե է փոխանցվել ծրագրի վերջին հատկացումը` 6 մլն եվրո արժողությամբ: Ընդհանուր առմամբ` ծրագրի շրջանակում վերջին երկու տարվա ընթացքում պետբյուջե է փոխանցվել 30 մլն եվրո դրամաշնորհ` ծրագրով սահմանված բոլոր նախապայմանների 100% կատարողականով»,–գրել է Ադամյանը։
Բացի այդ, ըստ նրա, դատաիրավական բարեփոխումներին աջակցելու նպատակով արդարադատության նախարարության կողմից իրականացվող բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում պետբյուջե է փոխանցվել ծրագրի հերթական հատկացումը` 8.2 մլն եվրո արժողությամբ: Ընդհանուր առմամբ` ծրագրի շրջանակում վերջին երկու տարվա ընթացքում պետական բյուջե է փոխանցվել 17.2 մլն եվրո դրամաշնորհ: Այս ծրագիրը կավարտվի հաջորդ տարի:
ԱՄՆ-ն ՀՀ-ին դրամաշնորհ կտրամադրի ժողովրդավարության զարգացման, տնտեսության ամրապնդման համար
Փոխվարչապետի խորհրդականը նշել է, որ ԵՄ գործընկերները շատ բարձր են գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և ծրագրերի շրջանակում գրանցված արդյունքները: