Բաքուն ձևավորել է Երևանի հետ խաղաղ բանակցությունների հանձնաժողովի կազմը․ Ալիև

Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ադրբեջանը ձևավորել է խաղաղության պայմանագրի պատրաստմամբ զբաղվող իր հանձնաժողովի կազմը և սպասում է, որ նույն քայլը կանի Հայաստանը։ Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ–ները, այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում։
Նշվում է, որ Ալիևը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Թբիլիսիում կայացած հանդիպումն անվանել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու առաջին քայլը: Բլինկենն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը: Նա նաև դրական է գնահատել երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը և ուղիղ երկխոսությունը Թբիլիսիում:
Հիշեցնենք` երեկ Բլինկենը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումը կայացել է հուլիսի 16-ին Թբիլիսիում։ Հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։
Երևանը և Բաքուն կոնկրետ արդյունքների չեն հասել. Վրաստանի ԱԳՆ-ն` Թբիլիսիի հանդիպման մասին