Բացի Ուկրաինայից, որևէ կոնֆլիկտ տարածաշրջանում ԵԱՀԿ ԽՎ-ին հետաքրքիր չէ. Աղաջանյան

Էդուարդ Աղաջանյանը. Արխիվային լուսանկար
ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարն ակնարկել է միջազգային կառույցի գործունեության երկակի ստանդարտների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն իր ամբողջ ուշադրությունը սևեռել է Ուկրաինայի վրա և ուշադրություն չի դարձնում տարածաշրջանում այլ կոնֆլիկտների։ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության այս տարվա գործունեության ամփոփմանը նվիրված ասուլիսում նման հայտարարություն արեց ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Ցավոք, կարելի է արձանագրել, որ որևէ այլ խնդիր, կոնֆլիկտ տարածաշրջանում ԵԱՀԿ ԽՎ-ին հետաքրքիր չէ»,- ասաց նա։

Աղաջանյանի խոսքով` այս տարվա փետրվարից (Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից - խմբ.) ԵԱՀԿ ԽՎ-ի օրակարգում գործնականում ոչ մի այլ թեմա չի եղել։ «Եվ, մեղմ ասած, չափազանց դժվար էր մեր գործընկերների ուշադրությունը հրավիրել այլ թեմաների ու խնդիրների, այդ թվում՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա»,- ասաց նա։

Պատգամավորը հիշեցրեց, որ հունիսի վերջին տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն առաջարկել է որոշակի փոփոխություններ կատարել ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հանձնաժողովի վերջնական բանաձևում։ Փոփոխությունները վերաբերում էին Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման և հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտությանը։ Սակայն փոփոխությունները չեն հաստատվել և չեն արձանագրվել փաստաթղթի վերջնական տարբերակում։
Աղաջանյանը շեշտեց, որ ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչների նման պահվածքն անընդունելի է և արժանի դատապարտման, ինչի մասին իրենք խոսել են լիագումար նիստերի ժամանակ։ Այս մոտեցումը բազմաթիվ հարցեր է առաջացնում հայկական կողմում, և դեռ պետք է վերլուծել, եզրակացություններ անել և հասկանալ, թե որն է նման արդյունքի պատճառը։
Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ-ի հունիսին ընդունված ամփոփիչ հռչակագրում խոսվում էր «Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ պատերազմի մասին Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ», սակայն ոչինչ չի ասվել 44-օրյա պատերազմի հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար խնդիրների մասին։
ԵԱՀԿ վեհաժողովում չի հաջողվել ՀՀ-ին կամ Արցախին առնչվող որևէ լրացում ներառել. Գալստյան