ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարությանները կյանքի են կոչել քրեակատարողական հիմնարկներում աշխատող բժշկական անձնակազմի համար շարունակական մասնագիտական զարգացման ապահովման նախաձեռնությունը: Տեղեկությունը հայտնում է արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ա. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։
Համագործակցությունը նպատակ ունի բանտային առողջապահության ոլորտում իրականացնել հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման և կրթական ծրագրեր, կազմակերպել գիտական և հետազոտական աշխատանքներ (միջոցառումներ), ապահովել նպաստավոր պայմաններ՝ որակյալ բժիշկներ կրթելու և վերապատրաստելու համար:
«Ազատազրկվածները պետք է ստանան այն նույն որակի և ծավալի բժշկական օգնություն ու սպասարկում, ինչ հանրության մյուս անդամները: Այս տեսանկյունից կարևոր է կրթական բաղադրիչի շեշտադրումը՝ բժշկական անձնակազմը կարող է տրամադրել պատշաճ բուժօգնություն, եթե ապահովվում է նրանց արդի ժամանակներին համապատասխանող, շարունակական և կայուն մասնագիտական զարգացումը»,- նշել է արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Ավելի վաղ Սարգսյանը հայտարարել էր, որ այս համատեքստում դատապարտյալների հիվանդանոցը պետք է վերապրոֆիլավորվի, որովհետև անվտանգության գոտիները պետք է տեղայնացվեն։ Փոխնախարարը նաև հավելել էր, որ նախատեսվում է փակել դատապարտյալների հիվանդանոցը և Երևանում նոր քրեակատարողական հիմնարկ ունենալ, որը կունենա հիվանդանոցին բնորոշ պայմաններ։