ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի կյանքը փրկել չի հաջողվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Այրվածքաբանության ազգային կենտրոնից։
ՊՆ–ն հուլիսի 25-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզում ժամկետային զինծառայող է այրվածքներ ստացել։ Նրա առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։
«Զինվորը մահացել է այսօր»,–ասացին այրվածքաբանական ազգային կենտրոնից։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Պալյան Ջիվանի Պողոսյանն այրվածքը ստացել է մարտական դիրքի վագոն–տնակում։
Թորոսյանի խոսքով` զինվորը վագոն–տնակում դրված վառարանի կայծից բռնկված հրդեհը մարելիս է ստացել վնասվածքները։
Նա 2-րդ կարգի վնասվածքներով նախ Սիսիանի կայազորային հոսպիտալ էր տեղափոխվել, ապա Այրվածքաբանության ազգային կենտրոն։