ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիին է ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման գործընթացների շուրջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն` հավելելով, որ երկու երկրների նախարարները հանդիպել են այսօր։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ
© Photo : official site of MFA of RA
«Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական հայտարարությունները խաթարում են այդ գործընթացների առաջմղմանն ուղղված ջանքերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների իրականացումը։ Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը, գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացումը և ներդրումների խրախուսումը: Արժևորվել է Արևելյան գործընկերության ձևաչափը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության կարևոր հարթակ:
Հիշեցնենք, որ Միրզոյանն աշխատանքային այցով Չեխիայում է հուլիսի 26-ից։ Նա հանդիպում կունենա նաև Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ
© Photo : official site of MFA of RA