Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուց հետո վարորդը կանգնե՞լ է. պնդումները տարբեր են

Սոնա Մնացականյանը. Արխիվային լուսանկար
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկածի փաստաբանը հայտնում է, որ կա տեսանյութ, որը փաստում է, թե վարորդը վրաերթից հետո կանգնել է։ Սոնայի իրավահաջորդի ներկայացուցիչը նշում է` տեսանյութում նման բան չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը, որն ուղեկցել է ՀՀ վարչապետին, կանգնեցրել է մեքենան, զանգել շտապօգնություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց պաշտպանվող կողմի` Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը։
«Հերյուրանք է, որ մեքենան ավտովթարից հետո չի կանգնել։ Վրաերթից հետո վարորդը մի փոքր վերև է բարձրացել և աջ հատվածում կանգնել։ Այսինքն` Արամ Նավասարդյանը սպասել է, որ ավտոշարասյունն անցնի, և ինքը կանգնել է, ինչի վերաբերյալ քննիչի մոտ տեսանյութ կա։ Դրանից հետո նա գնացել է «Նաիրի» ԲԿ-ի մոտ և բաժնի վարիչի, բժշկուհու հետ է խոսել` խնդրելով առավելագույն բարձր մակարդակի բուժօգնություն ցույց տալ»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով` Մնացականյանը վրաերթից 5-6 րոպե հետո հիվանդանոց է տեղափոխվել։ Բալոյանը նշում է` եթե վրաերթ է տեղի ունենում, չի նշանակում, որ վարորդը պետք է դատապարտվի, քանի որ նախ պետք է քննություն լինի և ապացուցվի` վարո՞րդը, թե՞ հետիոտն է մեղավոր։ Նա ասում է, թե տեսանյութում էլ է երևում` ինչպես է Սոնա Մնացականյանը հետ-հետ գնում, և փորձաքննությանը մի շարք հարցեր են առաջադրված, որոնց պատասխանը ստանալուց հետո պարզ կլինի` ով է մեղավոր։

«Եթե ապացուցվի, որ վարորդը վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն չուներ, ապա քրգործը կկարճվի` հանցակազմի բացակայության հիմքով։ Քրգործով առաջին փորձաքննությունը կատարված էր խիստ թերի` մեզ հետաքրքրող մի շարք հարցերի փորձագետները չեն պատասխանել»,- ասաց փաստաբանը։
Ըստ Բալոյանի` ամբողջությամբ սուտ են Սոնա Մնացականյանի ներկայացուցիչների այն պնդումները, թե քրգործով կարևոր ապացույցներ են ոչնչացվել։ Փաստաբանը կարծում է, որ այդ վրաերթը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձ է արվում։
Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը, սակայն, ասում է, որ տեսագրություն, որտեղ երևում է, թե Նավասարդյանը վրաերթից հետո կանգ է առել, իրենք չեն տեսել։ «Լրացուցիչ փորձաքննության շրջանակներում Բալոյանի պաշտպանյալի հետ մասնակցել ենք փորձագետների հետ ընդհանուր քննարկմանը, որտեղ տեսագրությունը նայել ենք. այնտեղ մեքենան կանգ առնելու դրվագ չկա։ Չգիտեմ, թե որտեղից է պաշտպանը նման բան ասում»,- նշում է Ասլանյանը։
Նրա խոսքով` Բալոյանն ասել է նաև, թե իր պաշտպանյալը ռացիայով կապ է հաստատել և իմացել, որ Սոնային հիվանդանոց են տեղափոխել, դրա համար կանգ չի առել, սակայն այդ ձայնագրությունները ջնջվել են։ Հենց սա էլ Սոնա Մնացականյանի հարազատներն ու փաստաբանը նկատի են ունեցել, երբ հայտարարել են, որ գործով ապացույցներ են ոչնչացվել։ Սակայն հարցն այն է, որ Բալոյանն այդ ձայնագրությունը որակել է քրգործում ոչ էական նշանակություն ունեցող։
Ասլանյանը նշում է, որ Սոնայի մահվան և վարորդի գործողությունների միջև պատճառահետևանքային կապ կա` վարորդի կողմից բուժօգնություն չի ցուցաբերվել։

«Ըստ փորձագետի` վրաերթը հնարավոր կլիներ կանխել, եթե վարորդը ճիշտ արագությամբ լիներ։ Այսինքն` մեքենայի արագությունը մոտ 109 կմ ժամ է եղել, այնինչ, ըստ կառավարության որոշման, տվյալ ավտոշարասյան թույլատրելի առավելագույն արագությունը այդ տարածքում 100 կմ ժամ է։ Վարորդը, գերազանցելով արագությունը, ինքն իրեն զրկել է վրաերթը կանխելու հնարավորությունից»,- ասաց Ասլանյանը։

Նա հավելեց, որ հարուցված քրգործի նախաքննությունն ընթացքի մեջ է` նշանակվել է լրացուցիչ դատաավտոտեխնիկական, դատատեսաձայնագրային համալիր քննություն։
Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով հղի կնոջ էր վրաերթի ենթարկել։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր։
Վարորդը դեպքից հետո թողել էր պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել էր և մասնակցել քննչական գործողություններին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վրաերթի ենթարկվածը Սոնա Մնացականյանն է, որն աշխատում էր «Support Our Heroes-Armenia» («Աջակցենք մեր հերոսներին-Հայաստան») կազմակերպությունում:
Մահվան ելքով վրաերթի գործով ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել էր, բայց հետո ստորագրությամբ ազատ էր արձակվել։
Մայիսի 12-ին նա նորից ձերբակալվել էր, հաջորդ օրը` ազատ արձակվել. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր Նավասարդյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին։
Մայիսի 30-ին դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել նրան կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։
Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքը՝ վարորդին թողնելով ազատության մեջ։
Փաշինյանը տեղյակ չի եղել` ինչ է կատարվել. ՄԻՊ-ը՝ հղի կնոջ վրաերթի մասին
ՃՈ ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։