Կորցրին տուն, տեղ, աշխատանք, բայց չկորցրին հավատն ու կենսասիրությունը, գտան ուժ՝ ամեն ինչ զրոյից սկսելու։ Շուշեցի մի քանի թատերական գործիչներ Հայաստան տեղափոխվելուց հետո որոշեցին շարունակել սիրելի գործը, բայց դա անել ոչ թե թատրոններից որևէ մեկում, այլ իրենցը ստեղծել։ Այդպես երկրորդ կյանք ստացավ դեռ Շուշիում հիմնադրված «Հեքիաթների տունը», բայց այս անգամ անիվների վրա՝ որպես շրջիկ թատրոն։ Այս պատմությունը 4-ով են սկսել․ ռեժիսոր Հայկ Պապյանը, նկարիչ Արտակ Պողոսյանն ու դերասաններ Նվեր Ղարաբեկյանը և Գայանե Առուշանյանը։
«Հեքիաթների տունը» շրջիկ թատրոնի դերասանները
© Sputnik / Andranik Ghazaryan
Սեփական ձեռքերով պատրաստել են փայտե տիկնիկներ ու ստվերների ներկայացում բեմադրել Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» ստեղծագործության հիման վրա։ Ստեղծագործության ընտրությունն էլ պատահական չի եղել․ թումանյանական մի կաթիլ մեղրը մեծ կռվի պատճառ դարձավ, բայց արի ու տես, որ այս ներկայացման մեջ մեղուն ավերակների միջից մի կաթիլ հույս է գտնում, որը նոր կյանքի սկիզբ է դառնում։
Կուզեմ քաղաքից դուրս մշակութային կյանք կազմակերպել
Թատրոնի ռեժիսոր Հայկ Պապյանն առաջին մասնագիտությամբ արևելագետ է, բայց իրենը թատրոնը դարձավ։ Սանկտ Պետերբուրգում ռեժիսորի մասնագիտություն ձեռք բերելուց հետո մնաց Ռուսաստանում, բավական հաջող բիզնեսով էր զբաղվում։ Հետո թատրոնը հետ կանչեց նրան։ Արցախի մշակույթի նախարարությունից հրավեր ստացավ, սիրով ընդունեց ու Շուշի տեղափոխվեց։
Հայկ Պապյան
© Sputnik / Andranik Ghazaryan
2014 թվականին հիմնադրեցին «Արցախի տիկնիկային արվեստի գործիչներ» հասարակական կազմակերպությունն ու «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում ստեղծեցին «Հեքիաթների տունը» թատերասրահը, այստեղ տիկնիկային տարբեր ներկայացումներ էին բեմադրում։ Հայկն ասում է՝ հնարավորության սահմաններում ամեն ինչ անում էր, որ իր ստեղծագործական թիմը թատերական արվեստի տարբեր տեսակներին ծանոթանա։ Այդպես ծնվեց ստվերների թատրոնը, որը նորություն էր Արցախում։
«Հեքիաթների տունը» շրջիկ թատրոնի դերասանները
© Sputnik / Andranik Ghazaryan
«Ստեփանակերտից գալիս էին Շուշի՝ հատուկ մեր ներկայացումները դիտելու համար»,- հիշում է ռեժիսորը։
Հետո սկսվեց պատերազմը։ 2020-ի հոկտեմբերի վերջին ստիպված եղան դուրս գալ քաղաքից։ Վստահ էին, որ սա ժամանակավոր որոշում է, բայց․․․
Ժամանակ էր պետք կատարվածը մարսելու համար։ Հետո սթափվելու հերթը եկավ։
«Գիտեք՝ պատասխանատվության հարց էր»,- ասում է Հայկը՝ մեկնաբանելով, թե ինչու որոշեցին կրկին թատրոն հիմնադրել։
«Հեքիաթների տունը» շրջիկ թատրոնի դերասան Նվերը
© Sputnik / Andranik Ghazaryan
Ծրագիր գրեցին, դրամաշնորհ շահեցին ու սկսեցին ներկայացումը բեմադրել։ Փորձերն անում էին Հայկի փոքրիկ բնակարանում։ Թատրոնի տարածքի համար դիմեցին ՀՀ կառավարություն, ստացան պատասխան՝ գաղափարը լավն է, բայց տարածք չկա։ Հայկին ու թիմին օգնության հասավ վաղեմի ընկերը՝ Դավիթ Մաթևոսյանը (գրող Հրանտ Մաթևոսյանի որդին)։
«Հեքիաթների տունը» շրջիկ թատրոնի դերասանները
© Sputnik / Andranik Ghazaryan
«Օգնում է մեր ընկերը, չնայած մեկը լինի` իրեն օգնի»,- կատակում է Հայկը՝ հիշեցնելով, որ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարական աշխատանքները մինչ օրս ավարտված չեն, կենտրոնն էլ շահագործման հանձնված չէ։ Բայց թատրոնը ժամանակավոր հանգրվան գտավ հենց կիսակառույց կենտրոնում, որի բեմում արդեն 3 ներկայացում խաղացել են, առջևում չորրորդն է։ Բացի այդ, խաղացանկի երկրորդ ներկայացման վրա են աշխատում։
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն
© Sputnik / Andranik Ghazaryan
Հայկն ասում է՝ թեպետ պատրանքներով չի ապրում, բայց իդեալական տարբերակում իրենց տեսնում է ոչ թե քաղաքում, այլ քաղաքից դուրս, որտեղ իրենց ստեղծագործական թիմը մշակութային կյանք կազմակերպելու հնարավորություն կունենա։
Թատրոնն այս պահին երկու դերասան ունի՝ Գայանե Առուշանյանն ու Նվեր Ղարաբեկյանը։
Գայանե. «Եթե Շուշիում չեմ ապրում, Արցախում ուրիշ տեղ չեմ կարող մնալ»
Գայանեն, ինչպես ինքն է ասում, ապուպապերով շուշեցի է։ Հայրն ու պապը Շուշիի ազատագրման մասնակիցներ են։ Ամենասարսափելի մղձավանջում անգամ չէին պատկերացնի, որ մի օր ստիպված կլինեն Շուշիից հեռու ապրել։ Գայանեն քաղաքը վերջին անգամ հոկտեմբերի 29-ին է տեսել։ Ընտանիքը պատերազմից հետո որոշեց Արցախ վերադառնալ, ինքը չցանկացավ։
Գայանե Առուշանյան
© Sputnik / Andranik Ghazaryan
«Եթե Շուշիում չեմ ապրում, Արցախում ուրիշ տեղ չեմ կարող մնալ»,- ասում է։
Թատերական արվեստով զբաղվում է փոքրուց, ասում է՝ դերասան դառնալը ծրագրված բան չէր, այդպես ստացվեց։ 14 տարեկանում հայտնվեց Երվանդ Մանարյանի՝ Շուշիում հիմնադրած տիկնիկային թատրոնում, հետո նաև սովորեց Թատերական ինստիտուտի Արցախի մասնաճյուղում։ Արդեն երկար տարիներ է՝ խաղընկերը համակուրսեցին է՝ Նվերը։
Նվեր. «Փակ աչքերով էլ մեր տունը կգտնեմ»
Նվերն Ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից է։ Ծնվել է Ստեփանակերտում, բայց ամբողջ կյանքն ապրել է Շուշիում։
Նվեր Ղարաբեկյան
© Sputnik / Andranik Ghazaryan
«Առաջին պատերազմից առաջ էլ Շուշիում էինք, հետո պատերազմը սկսվեց, մեզ քշեցին․ 1992 թվականի մայիսի 11-ին տատիկիս հետ Շուշի վերադարձանք»։
Ասում է՝ քանի տարի էլ անցնի, ինչքան բան էլ քանդած ու փոխած լինեն Շուշիում, մեկ է` փակ աչքերով էլ իրենց տան տեղը կգտնի։
«Փոքր ժամանակ երեխեքով ամբողջ քաղաքը տակնուվրա էինք անում, էնքան զենքեր ենք գտել, որ տարիներով ոստիկանությունը ման էր գալիս, չէր գտնում, իսկ մենք գնում, գտնում էինք․․․ Ո՞նց է մեղուն ոչ թե տեսնելով, այլ կոորդինատներով թռչում, այ էդպես է, արդեն գիտես, թե քանի քայլ հետո ուր պետք է թեքվես...»։
Նվեր Ղարաբեկյան
© Sputnik / Andranik Ghazaryan
Նվերը հավատը չի կորցնում, որ մի օր Շուշի է վերադառնալու, մինչ այդ շրջիկ թատրոնի աշխատանքին զուգահեռ ընկերների հետ մեղու են պահում Հրանտ Մաթևոսյանի ծննդավայրում՝ Ահնիձորում։
Նրանց բոլորի համար մեղվապահությունը թերապիայի յուրահատուկ ձև դարձավ։ Մեղուներն իրենց աշխատասիրությամբ դատարկ շրջանակը մի քանի օրում մեղրով են լցնում։ Հիմա իրենք էլ են մեղուների պես առավոտից երեկո աշխատում՝ զրոյից կյանքը վերակառուցելու համար։