ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել, որն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց նրա կինը` Անահիտ Ադամյանը։
Չալաբյանը նշում է, որ արդեն 2.5 ամիս է` պատանդի կարգավիճակում է։
«Եթե այս ամենի սկզբում կասկածներ կարող էին լինել կատարողի էության մասին, ապա հիմա փաստերն ակնհայտ են դարձնում իմ և ընտանիքիս հետ տեղի ունեցող հաշվեհարդարը։ Բիրտ բռնաճնշումներ կան եղբորս` Արա Չալաբյանի նկատմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։ Այս ամենը տեղի է ունենում արևմտյան կառույցների լուռ հայացքի ներքո»,- ասում է Չալաբյանն իր ուղերձում։
Նա շեշտում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը կեղծ է, կալանքի որոշումը` օրենքի խախտումներով։ Չալաբյանի խոսքով` բռնության ալիքը կարող է կանգնեցնել հասարակության միասնական պայքարը սեփական իրավունքների համար։
Ըստ նրա` եթե չենք ցանկանում դառնալ Հայաստանում գործող վարչակարգի հերթական զոհը, պետք է մի կողմ թողնել երկմտանքը և անտարբերությունը, միասնաբար պայքարել օրենքի գերակայության հաստատման, իրապես անկախ դատարանների և արդարադատության համար։
Նա շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր այս ընթացքում կանգնած են եղել իր ընտանիքի կողքին։
«Վստահեցնում եմ ձեզ, որ շարունակելու եմ իմ պայքարը մինչև հաղթական ավարտ` հանուն հայրենիքի ազատության»,- ասում է Չալաբյանը։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվեց ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) քրեական գործ է հարուցվել։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։
Հուլիսի 10-ին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մասնակի բավարարեց քննիչի միջնորդությունը և կալանքի ժամկետը երկարացրեց ևս 15 օրով։