Ամուսնության պետական գրանցման, արարողության հանդիսավոր կերպով կազմակերպման համար անհրաժեշտ պետական վճարների սակագներն էականորեն նվազել են։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։
Հայաստանում ամուսնությունը գրանցել ցանկացող բոլոր անձանց համար հանդիսավոր պայմաններ են նախատեսվում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում:
«Բոլոր ամուսնացող զույգերը, որոնք կցանկանան հանդիսավոր արարողություն իրականացնել համալիրում` այսուհետև կվճարեն 20.000 դրամ՝ գրանցման համար և 20.000 դրամ՝ որպես մուտքավճար: Նախկինում այս ծառայությունների համար զույգերը վճարում էին 60.000 դրամ»,– ասված է հաղորդագրությունում:
Ամուսնության գրանցման համար դիմումն անհրաժեշտ է ներկայացնել արդարադատության նախարարության քաղաքացիների սպասարկման միասնական գրասենյակ. հասցե` Վազգեն Սարգսյան 3 կամ տարածքային սպասարկման կենտրոններ:
Հայաստանում ամուսնություն կարող են գրանցել ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք: Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ամուսնությունը գրանցելու համար անհրաժեշտ է վերջինիս մշտական բնակության երկրի իրավասու մարմնից տրված՝ ընտանեկան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ:
Ամուսնության գրանցման դիմում հնարավոր է ներկայացնել լիազորված անձի միջոցով: Տվյալ դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ամուսնացող անձի կողմից լրացված՝ ամուսնության դիմումի ձևանմուշի տեղեկությունները պարունակող դիմում, որը հաստատված կլինի նոտարական կարգով: