Սոչիում ջրհեղեղը կնոջ մահվան պատճառ է դարձել. տեսանյութ

Հեղեղումների հետևանքները Լազարևսկոյե շրջանում
Օդերևութաբանները Սոչիում տեղումներ են կանխատեսում, հեղեղումներ ու պտտահողմ՝ ծովի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Սոչիում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից մի կին է մահացել։ Տեղեկությունը Telegram ալիքում հայտնել է Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին։
«Ցավոք սրտի, զոհ ունենք, մի կին է մահացել, իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ընտանիքի անդամներին և ընկերներին»,- գրել է քաղաքապետը։
Սոչիում օդերևութաբանները շարունակում են նախազգուշացնել սպասվող փոթորիկների մասին։ Նրանք կանխատեսում են անձրևներ, կարկուտ, հեղեղումներ ու պտտահողմ՝ ծովի վրա։ Ամենաառատ տեղումները Լազարևսկոյե շրջանի տարածքում դիտվել են հուլիսի 23-ի գիշերը։ Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են հարակից 23 տնամերձ տարածքներ և հինգ տուն։
Երեկ փրկարարներին հաջողվել էր վերացնել վատ եղանակի հետևանքները, սակայն երեկոյան վրա է հասել հորդառատ անձրևների երկրորդ ալիքը։ Սոչիի Խոստինսկի և Կենտրոնական շրջաններում հեղեղվել են տարածքներ, տների նկուղային հարկեր և ճանապարհներ։