Ռումբ է, ռումբ. Գյումրիում այսօր չոր մարդ չկար

Sputnik
Ջրցաններ, ջրավազաններ ու ուրախ տրամադրություն: Գյումրին այսօր Վարդավառ է տոնում։ Ով ռիսկի էր դիմել ու ոտքով էր շրջում, չոր վիճակում տուն չէր վերադառնում: Ավանդույթի համաձայն, տոնը քաղաքում մեկնարկեց արձանների լվացմամբ. Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն առաջինը Վարդավառի ջրով «օծեց» հայ մեծերի արձանները, հետո ջրեց ու ջրվեց: Մինչ Sputnik Արմենիայի թղթակցին հարցազրույց էր տալիս, ևս մեկ անգամ հասցրեց ջրվել մեր թղթակցի ու Շիրակի մարզպետի օգնականի կողմից:
Վարդավառը Գյումրիում
«Տեսնում եք, ինչ ուրախ տրամադրություն է: Սա Պայծառակերպության տոնն է՝ Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է, ու թող Աստծո օրհնությունն իջնի հայ ազգի ու մեր Գյումրու վրա ու բարին բերի բոլորին»,- նշեց քաղաքապետը խոստանալով, որ յուրաքանչյուր տարի նախկինից ավելի լավ է կազմակերպվելու տոնը:
1 / 4

Վարդավառը Գյումրիում

2 / 4

Վարդավառը Գյումրիում

3 / 4

Վարդավառը Գյումրիում

4 / 4

Վարդավառը Գյումրիում

Խաղից անմասն չէին նաև քաղաքի հյուրերը: Հատկապես նրանք, ովքեր առաջին անգամ էին Գյումրիում ականատես լինում նման ժողովրդական միջոցառման, խոստացան՝ հաջորդ տարի ավելի մեծ խմբով ու հենց այդ օրը գալու են Գյումրի: «Ռու՛մբ է ռո՛ւմբ, մեզ մոտ նման բան չկա, շատ ուրախ ու հետաքրքիր է՝ հաջորդ տարի անպայման կգանք»,-վստահեցրին Վլադիովստոկից ժամանած հյուրերը:
Նշենք, որ միջոցառումների մեկնարկը տրվեց Թատերական հրապարակում ժամը 09:00-ին՝ արձանների լվացմամբ: Այնուհետև միջոցառումները շարունակվեցին Գյումրու Վարդանանց հրապարակում: