ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետության 2022 թ․ պահանջարկը գյուղատնտեսական առանձին ապրանքների համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Նշվում է, որ քննարկումների արդյունքում Եվրասիական տնտեսական միության խորհրդի անդամների կողմից հաստատվել են ՀՀ գյուղատնտեսական առանձին ապրանքների 2022 թ․ առաջարկի և պահանջարկի ինդիկատիվ հաշվեկշիռները՝ ձևավորված Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ։
Կանխատեսումների համաձայն ՝ 2022 թ․ ՀՀ-ում ցորենի սպառման ծավալը կկազմի 377 հազար տոննա։
«Հանրապետության ներքին շուկայում պարենային անվտանգության ապահովման նպատակով այս մշակաբույսերի անհրաժեշտ ծավալը մինչև տարեվերջ կհամալրվի ՌԴ-ից մատակարարումների ավելացման հաշվին՝ մինչև 275 հազար տոննա։ Համանման իրավիճակ է գարու և եգիպտացորենի դեպքում, համապատասխանաբար՝ 43 հազար և 60 հազար տոննա»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ արևածաղկի ձեթի ներքին պահանջարկը ՀՀ-ում 2022 թ․ ընթացքում կանխատեսվում է շուրջ 27 հազար տոննա։ Մինչև տարեվերջ արևածաղկի ձեթի սպառման անհրաժեշտ ծավալն ամբողջությամբ կապահովեն մատակարարումները ՌԴ-ից։