ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ուկրաինական զորքերը հարված են հասցրել Կախովկայի ՀԷԿ-ի շրջանում գտնվող կամրջին, լուրջ ավերածություններ չկան, էլեկտրակայանը չի տուժել: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել շրջանի վարչակազմի փոխղեկավար Կիրիլ Ստրեմոուսովը:
«Հարված է հասցվել Նովայա Կախովկային, վնասվել է ՀԵԿ–ի շրջանում, ամբարտակի վրա գտնվող կամուրջը։ Ամբարտակը չի վնասվել, կամուրջը չի ավերվել»,- ասել է Ստրեմոուսովը՝ հավելելով, որ ՀԷԿ-ը նույնպես չի տուժել, լուրջ ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ուկրաինական զորքերի հարձակումը չի անդրադարձել Կախովկայի ՀԷԿ-ի աշխատանքի վրա։
«Ոչինչ չի վնասվել։ Բոլոր հրթիռները խփել ենք։ Չնչին վնասվածքներ կան, բայց ոչ մի լուրջ բան չի եղել։ Այս ամենը մանրուք է», - նշել է Ստրեմոուսովը։
Բացի այդ, նրա խոսքով, հարված է հասցվել Ինգուլեց գետի վրայով անցնող կամրջին՝ Խերսոնի մարզի Դարևկա գյուղի շրջանում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 150-րդ օրը։
Հատուկ գործողության ընթացքում ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի մարզն ու Զապորոժիեի մարզի մերձազովյան մասը: Շրջաններում ստեղծվել են վարչակազմեր, սկսվել է ռուսական հեռուստաալիքների և ռադիոկայանների հեռարձակումը, վերականգնվում են Ղրիմի հետ առևտրային կապերը։ Տարածաշրջանները հայտարարել են, որ ցանկանում են Ռուսաստանի սուբյեկտներ դառնալ։