Ուկրաինայում խաղաղություն կարող է հաստատվել միայն ԱՄՆ-ՌԴ բանակցություններից հետո. Օրբան

Վիկտոր Օրբան
Ռուսաստանը անվտանգության երաշխիքներ է ուզում, ուստի պատերազմը կարող են ավարտել միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ուկրաինայում խաղաղություն կարող է հաստատվել միայն ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի բանակցություններից հետո, իսկ Եվրոպան բաց է թողել միջնորդության իր հնարավորությունը, քանի որ չի կարողացել ապահովել Մինսկի համաձայնագրերի կատարումը։ Այս հայտարարությունն արել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
«Երբ խոսում ենք պատերազմի մասին, կարևոր հարց է առաջանում՝ ի՞նչ անել (Օրբանը հարցը ռուսերեն է հնչեցրել. խմբ.)։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններ չեն լինի։ Ով սպասում է դրանց, իզուր է սպասում։ Ռուսաստանը անվտանգության երաշխիքներ է ուզում, ուստի պատերազմին կարող են վերջ տալ միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները: Քանի դեռ ռուս-ամերիկյան բանակցություններ չեն եղել, խաղաղություն էլ չի լինի։ Մենք՝ եվրոպացիներս, չենք կարող միջնորդ լինել այդտեղ, որովհետև բաց թողեցինք մեր շանսը։ Բաց թողեցինք, երբ Ղրիմից հետո՝ 2014 թվականին, կային Մինսկի համաձայնագրերը` Ֆրանսիայի և Գերմանիայի երաշխիքներով, բայց, ցավոք, չհաջողվեց ապահովել դրանց կատարումը։ Եվ ռուսներն այլևս չեն ցանկանում բանակցել մեզ հետ»,- ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով Ռումինիայի Բեիլե Տուշնադ քաղաքում։
Նա նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կրկին այնպիսի ժամանակ է եկել, երբ Եվրոպան անվտանգության կարևոր հարցերում ձայնի իրավունք չունի, իսկ որոշումներն ընդունում են Ամերիկան և Ռուսաստանը։
Ռուսական ՀՕՊ-ը մեկ օրում 11 ուկրաինական ԱԹՍ է խոցել. ՌԴ ՊՆ
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 150-րդ օրը։