«Շահագրգռված ենք Միջին Արևելքի կայունությամբ». Փաշինյանը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հայ-եգիպտական հարաբերությունները կբարձրացվեն նոր մակարդակի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին Հեղափոխության 70-ամյակի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը։

«Հայաստանը մեծապես շահագրգռված է Միջին Արևելքի կայունությամբ և բարձր է գնահատում Եգիպտոսի դրական դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում և ահաբեկչության դեմ պայքարում», - ասված է ուղերձում։

Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստան-Եգիպտոս հարաբերություններին։
«Հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններն առանձնանում են պատմական սերտ առնչությունների վրա հիմնված բարեկամությամբ և զարգացման մեծ ներուժով», - նշել է նա։
ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հայ-եգիպտական հարաբերությունները կբարձրացվեն նոր մակարդակի՝ ընդլայնելով երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը։