Որքան ներդրումներ է պետք գրավել հետ չմնալու համար. պարզաբանել է Քերոբյանը

2021 թվականին կուտակված ներդրումների ծավալն աճել է 10%–ով, սակայն աճը պետք է 2-3 անգամ արագացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Տնտեսական առումով հարևաններից հետ չմնալու համար Հայաստանը պետք է տարեկան 30-40%–ով ընդլայնի ներդրումների ներգրավումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ ներդրումների ներգրավման գործողությունների ծրագրի, դրանց ծավալը պետք է հասցվի մինչև 25%–ի, որի թվում օտարերկրյա ներդրումները` մինչև 6%-ի (ներկայիս 1,7%–ի փոխարեն)։ Նա հավելել է, որ նման աճ է անհրաժեշտ հարևան երկրներից հետ չմնալու համար։
«Բայց մեր ՀՆԱ–ն էլ տեղում չի դոփում։ Հիշեցնեմ, որ հունվար–մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՀՆԱ–ն առանց անուղղակի հարկերի և ֆինանսական ծառայությունների) աճել է 10,2%–ով։ Այդ պատճառով ներդրումները տարեկան պետք է 20-30% աճ գրանցեն։ Այդ դեպքում մենք մինչև 2024 թվականը կկարողանանք հասնել իմ նշած ցուցանիշներին», – հավելել է նախարարը։
Համեմատության համար նա հիշեցրել է, որ 2021 թվականի արդյունքներով հանրապետությունում կուտակված ներդրումների ծավալը կազմել էր 1,43 տրլն դրամ (ներկա փոխարժեքով՝ 3.4 միլիարդ դոլար) կամ 10%–ով ավելի, քան 2020 թվականին։
Մինչև այս տարեվերջ նախարարությունը կշարունակի աշխատել «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի և դրան առնչվող փաստաթղթերի խմբագրման վրա։
Վերջին հաջող ներդրումային նախագծերի թվում Քերոբյանը նշել է ժամանակակից անասնաբուծական համալիրը, որը ստեղծում է Yeremyan Projects տեղական ընկերությունը և որն ավելի վաղ էկոնոմիկայի նախարարության ոլորտային ծրագրով աջակցություն էր ստացել, վերջերս էլ` Եվրասիական զարգացման բանկից` 47 մլն դոլար վարկի տեսքով։