Սինձո Աբեին 13 լիտր արյուն են փոխներարկել. քաղաքական գործչի մահվան մանրամասները

Սինձո Աբե
Պրոֆեսոր Ֆուկուսիմայի խոսքով` բժիշկներին հաջողվել է կանգնեցնել խոշոր արյունատար անոթների արյունահոսությունը, սակայն սրտի աշխատանքը վերականգնել այդպես էլ չի հաջողվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի կյանքի համար 41-հոգանոց թիմ է պայքարել, այդ թվում` 20 բժիշկներ։ Տեղեկությունը NHK հեռուստաալիքին է հայտնել Նարայի բժշկական համալսարանին կից գործող հիվանդանոցի պրոֆեսոր Հիդետակա Ֆուկուսիման, որը շտապ վիրահատություն է արել մահափորձի օրը։
Վիրահատության ընթացքում քաղաքական գործչին 13 լիտր արյուն են փոխներարկել, ինչը մոտավորապես համապատասխանում է 3 մեծահասակ տղամարդու արյան ծավալին։
«Հրազենային վնասվածքի պատճառով վերքը մեծ էր, բացի այդ, սրտում խոշոր արյունատար անոթներ են կենտրոնացած։ Հասկացա, որ դժվար բուժում է սպասվում»,- ասել է բժիշկը։
Բժիշկներին հաջողվել է կանգնեցնել խոշոր արյունատար անոթների արյունահոսությունը, սակայն սրտի աշխատանքը վերականգնել այդպես էլ չի հաջողվել։
«Ինչ-որ պահի ստիպված եղանք դադարեցնել բուժումը։ 17:03-ին ընտանիքին բացատրեցինք իրավիճակը, ըմբռնումով մոտեցան, և որոշվեց դադարեցնել գործողությունները»,- պարզաբանել է Ֆուկուսիման։
Ինչ է կատարվել Ճապոնիայի նախկին վարչապետի վրա կրակելուց հետո. լուսանկարներ
Հիշեցնենք` Սինձո Աբեի վրա հարձակվեցին հուլիսի 8-ին ճապոնական Նարա քաղաքում, երբ նախկին վարչապետը ելույթ էր ունենում փողոցում։ Հարձակվողը՝ 41-ամյա Տեցույա Յամագամին, մոտ 10 մետր հեռավորությունից երկու կրակոց արձակեց քաղաքական գործչի թիկունքին: Աբեին տեղափոխեցին Նարայի բժշկական համալսարանի հիվանդանոց, որտեղ 5 ժամ անց նա մահացավ։ Քաղաքական գործիչը 67 տարեկան էր։
Համացանցում նոր կադրեր են հայտնվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մահափորձից