Փափազյանը վարչապետի ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկն է. պարզաբանում

Մուրադ Փափազյան. Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետի աշխատակազմից մանրամասնել են, թե ինչու է Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկն է: Այդ է պատճառը, որ նրա մուտքը Հայաստան արգելված է, «Արմենպրեսին» հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանելով, թե ինչ հիմքով է հուլիսի 13-ին արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն։
«Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման, և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»,- նշված է պարզաբանման մեջ:
Տեղեկացվում է, որ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է:

Նշենք, որ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է այն հիմքերը, որոնք թույլ են տալիս օտարերկրացուն մուտքի վիզա չտրամադրել (ժամկետը չերկարաձգել), ուժը կորցրած ճանաչել տրամադրված մուտքի վիզան կամ արգելել մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Հիշեցնենք՝ Մուրադ Փափազյանը Երևան էր ժամանել հուլիսի 13-ի երեկոյան։ «Զվարթնոց» օդանավակայանում արգելել էին նրա մուտքը ՀՀ, վերցրել անձնագիրը, ապա ուղեկցել Ֆրանսիա մեկնող ինքնաթիռ։
Մուրադ Փափազյանն այս մասին գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում և նշել, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրամանով։
Ըստ «Դիմադրություն» շարժման՝ Փափազյանին երկիր չթողնելը Թուրքիայի պահանջն է եղել։ Իշխան Սաղաթելյանի խոսքով` քննարկում են հստակ նախապայմաններ, որոնցից են նաև նրանք, որ Հայաստանը ճանաչի Թուրքիայի ներկայիս սահմանները և հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։
Հետևանքներ կարող են լինել. Արամ Ա–ն` հայ–թուրքական բանակցությունների և Փափազյանի մասին