Նավերը կզննեն` զենքի առկայությունը ստուգելու համար. Շոյգուն` հացահատիկի արտահանման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներով հացահատիկի արտահանումը կարող է սկսվել առաջիկա օրերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը պարտավորվում է չօգտվել նրանից, որ ուկրաինական նավահանգիստները ականազերծվելու են ու բաց են լինելու պարենի արտահանման համար: Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Ստամբուլում պարենային գործարքի կնքումն ամփոփելիս։

«Ռուսաստանն իր վրա է վերցրել պարտավորությունները, որոնք հստակ գրված են այդ փաստաթղթում (պարենային գործարքում,-խմբ.)։ Մենք չենք օգտվի այն բանից, որ այդ նավահանգիստներն ականազերծվելու ու բացվելու են»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

Նախարարը հայտնել է, որ պարենային գործարքի համաձայն՝ ուկրաինական գյուղմթերքի արտահանման համար նախատեսված նավերում զենքի առկայությունը ստուգելու համար զննում կանցկացվի Սև ծովից դուրս գալիս ու ու այնտեղ մուտք գործելիս:
Նա նշել է, որ ՌԴ-ի, Թուրքիայի, ՄԱԿ-ի և Ուկրաինայի կողմից ստորագրված համաձայնագրին համապատասխան` Ստամբուլում ստեղծվում է համատեղ քառակողմ համակարգող կենտրոն:
«Համատեղ համակարգող կենտրոնի ներկայացուցիչները կկազմակերպեն ուկրաինական գյուղմթերքի արտահանման մեջ ներգրավված նավերի զննումը՝ նպատակ ունենալով թույլ չտալ սպառազինության և զինամթերքի փոխադրումը, ինչպես նաև բացառել սադրանքները»,- ասել է Շոյգուն։
Ռուսաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներով հացահատիկի արտահանումը կարող է սկսվել առաջիկա օրերին:
Շոյգուն նաև կարևորել է Ռուսաստանի ու ՄԱԿ-ի միջև հուշագրի ստորագրումը, որում խոսքը նաև ռուսական գյուղատնտեսական արտադրանքի ու պարարտանյութերի արտահանման սահմանափակումների վերացման մասին է:
Բորելն ու Միշելը ողջունել են հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը
Հիշեցնենք, որ Ստամբուլում այսօր Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ ստորագրվեց Սև ծովի ափերից միջազգային շուկա հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագիրը։