ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Մանկապատանեկան ֆիլմերի «Ռոլան» տասնութերորդ միջազգային կինոփառատոնը Հայաստանում կանցկացվի հուլիսի 25-29-ը: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է փառատոնի մամուլի քարտուղար Կարինե Գրիգորյանը:
Այս տարի այն կանցկացվի Երևանում, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, ինչպես նաև Ստեփանակերտում:
«Ռոլան Բիկով» հայկական հիմնադրամի նախագահ, փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ միջոցառման ծրագրում ընդգրկված է 75 ֆիլմ 28 երկրից, այդ թվում՝ 2004-2021թթ. «Ռոլան» փառատոների լավագույն մրցանակակիր ֆիլմերը:
Նրա խոսքով՝ կներկայացվեն լիամետրաժ և կարճամետրաժ խաղարկային և անիմացիոն ֆիլմեր, կանցկացվեն ստեղծագործական հանդիպումներ, գերմանական և ֆրանսիական ֆիլմերի, ռուսական անիմացիայի ծրագրային ցուցադրություններ, մասնավորապես՝ Հարրի Բարդինի «Բոլերո», «Լսելով Բեթհովենին», «Երեք մեղեդի», «Անճոռնի ճուտիկը», «Ադաջիո», «Կոնֆլիկտ», «Թռչող նավը» ֆիլմերը:
Տեղի կունենա նաև «Երալաշ» հումորային կինոամսագրի լավագույն թողարկումների հատուկ ցուցադրություն: Մանուկյանը նշել է, որ այն նվիրված է լինելու գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկու հիշատակին:
Նա հավելել է, որ երկու տարի առաջ Գրաչևսկին փառատոնին է նվիրել «Երալաշի» լավագույն ժողովածուն: