Հայաստանը և Ֆրանսիան 2024-ին միաժամանակ կնշեն Շառլ Ազնավուրի 100-ամյակը

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ:
Ազնավուրի արձան կտեղադրվի ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հայաստանը և Ֆրանսիան 2024-ին միաժամանակ կնշեն մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակը։ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկանում ենք, որ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ:
Քրիստինա Ազնավուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կողմը նախապատրաստական աշխատանքների փուլում է. մինչև 2024 թ.-ը Ֆրանսիայում կտեղադրվի Ազնավուրի արձանը, որի նախագիծն արդեն պատրաստ է, նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ համերգ, բացել Ազնավուրի կենսագործունեությանը նվիրված ցուցահանդես:
Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման փուլում է Հայաստանում ևս Ազնավուրի արձանը տեղադրելու հարցը: «Ազնավուր» հիմնադրամի տնօրենն առաջարկել է բոլոր միջոցառումներն անցկացնել Ֆրանսիայի հետ զուգահեռ, այդ թվում՝ արձանի տեղադրումը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանը Հայաստանում կնշվի նույնքան վառ, որքան Ֆրանսիայում:
Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրին
Քննարկման ընթացքում կողմերը որոշել են ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ համակարգելու հոբելյանական միջոցառումները:
Արթուր Մարտիրոսյանն իրազեկել է, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է համակարգող աշխատանքային խումբ՝ Հայաստանում գործող Ֆրանկոֆոնիայի բոլոր դերակատարների միջև կրթության և մշակույթի ոլորտներում ծրագրային նախաձեռնություններն առավել արդյունավետ կազմակեպելու նպատակով: Խմբի առաջին նիստը նախատեսվում է անցկացնել հուլիսի 28-ին։ Նիստին հրավիրված է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը։