Երևանում թալանել են օտարերկրացու. 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Պարզվել է, որ 19-ամյա արմավիրցին կասկածվում է նաև այլ ավազակային հարձակումներ կատարելու մեջ։
Sputnik
Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում անհայտ անձը զենքի նմանվող առարկայով փող է գողացել օտարերկրյա մի քաղաքացուց և նրա ընկերուհուց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ոստիկանությունում ահազանգը եղել է հուլիսի լույս 21-ի գիշերը։
Քաղաքացին հայտնել է, որ անծանոթ մի անձ մոտեցել է, պահանջել դրամապանակը, այնուհետև վերցրել մեջը եղած գումարը, գցել դրամապանակն ու փախել։
«Ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով ժամերի ընթացքում պարզվել է ավազակությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը` Արմավիրի մարզում բնակվող 19-ամյա մի երիտասարդ։ Նա հուլիսի 21-ին Երևանի Արտաշիսյան փողոցում ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել»,– ասված է հաղորդագրությունում։
Պարզվել է նաև, որ 19-ամյա երիտասարդը նույն կերպ ավազակություն է կատարել նաև հուլիսի լույս 20-ի գիշերը. Աբովյան փողոցում երկու անձից հափշտակել էր տարբեր չափերի գումարներ, ինչի փաստով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանցագործության գործիքն ու գողոնի մի մասը հայտնաբերվել են:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։