Էդուարդ Աղաջանյանն Անկարայի հայտարարությունները նախապայման չի համարում

Նրա խոսքով` Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը չի համարում, որ հայ–թուրքական գործընթացի վերաբերյալ Անկարայի հայտարարությունները նախապայման են։ Այս մասին Աղաջանյանն ասաց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ երկու օր առաջ Անկարան հայ–թուրքական գործընթացն ուղիղ կերպով կապեց հայ–ադրբեջանականի հետ` պահանջելով «Զանգեզուրի միջանցքի» բացում ու Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքում։
«Չեմ համարում, որ նախապայման է։ Թուրքիան մշտապես այս դիրքորոշմամբ է հանդես եկել, ինչը մեզ համար երբևէ ընդունելի չի եղել։ Հայկական կողմը մշտապես արձանագրել է, որ կա նման խնդիր, և հաճախ թուրքական կողմի հայտարարությունների ու գործողությունների մեջ բաժանում կա։ Մեր խնդիրներից է` անել ամեն ինչ, որպեսզի այդ տարանջատումը չլինի կամ նվազագույնի հասնի»,– նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։
Նրա խոսքով` այս հարցում հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել ու Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում որևէ նախապայման անընդունելի է։
Փաշինյանը Հայաստանի առջև ծառացած խնդիրները մանրամասն ներկայացրել է ԵԽ ներկայացուցիչներին