Բորելն ու Միշելը ողջունել են հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը

Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ մասնակցությամբ ստորագրվեց համաձայնագիր
Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ու Եվրախորհրդի ղեկավարը համաձայնագիրը դրական քայլ են որակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ մասնակցությամբ ստորագրված Սև ծովի ափերից միջազգային շուկա հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագիրը քայլ է դեպի ճիշտ ուղղություն։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Կոչ ենք անում, որ համաձայնագիրը շուտափույթ իրականացվի»,–գրել է նա և ողջունել ՄԱԿ-ի և Թուրքիայի ջանքերը համաձայնագրի ստորագրման հարցում։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ն մտադիր է շարունակել աջակցել ուկրաինական հացահատիկի արտահանմանը:
Համաձայնագրի ստորագրման մասին Twitter-ի էջում իր կարծիքն է հայտնել նաև Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը
«Ողջունում եմ Ուկրաինայի հացահատիկի արտահանման համար Սև ծովի ապաշրջափակման մասին համաձայնագիրը։ Այս գործարքը օգուտ կբերի միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում»,–գրել է նա` նշելով, որ գլոբալ պարենային անվտանգությունն առաջնահերթություն է ԵՄ-ի համար։
Բորելի խոսքով` համաձայնագրի արագ իրագործումն այժմ առաջնային նշանակություն ունի։
Հայտնել էինք, որ Ստամբուլում այսօր Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ ստորագրվեց Սև ծովի ափերից միջազգային շուկա հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագիրը։
Հիշեցնենք, որ փաստաթղթով նախատեսվում է հացահատիկի արտահանման համար անվտանգության միջանցք ստեղծել։ Այդ է պատճառը, որ փաստաթուղթը ստորագրում են պաշտպանության նախարարները։ Այդ միջանցքով հացահատիկով բեռնված նավերը պետք է դուրս գան նավահանգիստներից և, անցնելով Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները, սահմանված ուղով մեկնեն համապատասխան երկրներ։ Նախատեսվում է, որ գործընթացի համակարգման համար Ստամբուլում կստեղծվի համապատասխան կենտրոն։ Նավերը Թուրքիայի կողմից սահմանված կետերում կանգնեցվելու և ստուգվելու են։ Դրանց մասնակցություն է ունենալու նաև ռուսական կողմը։
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ հացահատիկն Ուկրաինայից արտահանելու խնդիրներ չկան, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ դժվարության։