Ռուսաստանի մարզերն օգնում են վերականգնել ազատագրած Վոլնովախան

Շրջանային վարչակազմի ղեկավարը պատմել է Վոլնովախայում խաղաղ կյանքի վերականգնման մասին։
Sputnik
ՌԴ մարզերն ու գերատեսչությունները օգնում են, որ ուկրաինական գնդակոծության հետևանքով տուժած ԴԺՀ–ի Վոլնովախայի շրջանում վերականգնվի խաղաղ կյանքը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել շրջանային վարչակազմի ղեկավար Կոնստանտին Զինչենկոն։
«Աստիճանաբար կյանքը հունի մեջ է ընկնում, վերականգնվում է բնակֆոնդը, սոցիալական ոլորտը։ Մինչև սեպտեմբերի 1-ը պատրաստվում ենք 2 դպրոց բացել», – ասել է նա։
Նախատեսում են մի քանի մանկապարտեզ կառուցել, վերականգնել երկու հիվանդանոց։ Քաղաքում արդեն սկսվել է առաջին հինգհարկանի բնակելի շենքերի շինարարությունը։
«Յամալ–Նենեցյան ինքնավար օկրուգը վերականգնելու է մեր երկաթուղային հիվանդանոցը, «Ռոստով» ընկերությունը` կենտրոնական շրջանային հիվանդանոցը։ Վերականգնվում է արյան փոխներարկման կենտրոնը, Մշակույթի տունը, պետական և համայնքային բնակֆոնդ ենք ստեղծում Յամալ–Նենեցյան ինքնավար օկրուգի օգնությամբ», – ասել է վարչակազմի ղեկավարը։
Նա հավելել է, որ ՌԴ ՊՆ–ն շրջանի համար խողովակներ է տեղադրում Օլգինկայի հանքից։
«Ընդգրկվել է ամբողջ ուժային բլոկը` և՛ ոստիկանությունը, և՛ դատախազությունը, և՛ արդարադատությունը, մեծ հաշվով` իշխանության բոլոր մարմինները։ Հարկայինն արդեն ձևավորվել է և աշխատում է», – հայտնել է Զինչենկոն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 148-րդ օրը։