Ռումինիայում շոգի պատճառով ածուխը բռնկվել է նավերի վրա

Դանուբում արգելափակված բեռնատար նավերը 3600 տոննա ուկրաինական ածուխ էին տեղափոխում Սերբիա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Շոգի պատճառով ածուխի ինքնայրման դեպքեր են գրանցվել երեք բեռնատար նավերում, որոնք Ռումինիայում՝ Դանուբ գետում արգելափակվել էին գրեթե երեք շաբաթ առաջ: Այս մասին հայտնում է Ռումինիայի Ջիուրջիու գավառի արտակարգ իրավիճակների տեսչությունը։
«Հուլիսի 3-ին գետի ցածր մակարդակի պատճառով ածխով բեռնված երեք նավ արգելափակվել էին։ Հաշվի առնելով բեռի բնույթը, բարձր ջերմաստիճանի ֆոնին ածուխը ինքն իրեն բռնկվել է, այրումը տեղի է ունեցել մարմրելու փուլում, առանց կրակի»,-նշվում է տեսչության կայքում։
Բեռնանավերը ավելի քան 3600 տոննա ուկրաինական ածուխ էին տանում Սերբիա։ Հրշեջները մերժել են ջրով ածուխը հանգցնելու տարբերակը, քանի որ դա կփչացներ ապրանքը և կարող էր հանգեցնել բոլոր նավերի խորտակմանը։ Ինչպես պնդում են տեսչությունում, բեռնանավերի պարունակությունը պետք է բեռնաթափել և այլ նավեր տեղափոխել։
Իրավիճակն անձնակազմի անդամների համար վտանգավոր չէ, իսկ հրշեջները վերահսկում են և ցանկացած պահի պատրաստ են միջամտել։