ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Երևանում 0։0 հաշվով ավարտեց հանդիպումը էստոնական «Պայդե» թիմի հետ։
Ի տարբերություն հայկական մյուս ակումբների, որոնք հադես եկան եվրագավաթների խաղարկության որակավորման առաջին փուլում, «Արարատ-Արմենիան» կազմի խնդիր չունի։ «Պայդեի» հետ խաղի նախօրեին ակումբի ղեկավարությունն ու գլխավոր մարզիչը հայտարարեցին, որ տրանսֆերային բաց պատուհանի ընթացքում միայն մեկ ֆուտբոլիստ կարող է համալրել թիմի կազմը, քանի որ սելեկցիան ակումբում արդեն իսկ կատարվել է։ Բայց նոր ֆուտբոլիստների միջև միշտ էլ խաղակցվածության որոշակի խնդիրներ լինում են։ Հենց այս գործոնը առաջին խաղակեսում դարձավ հայկական թիմի խնդիրը։
Մերոնք չկարողացան վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասին, իսկ ահա «Պայդեն» առնվազն մեկ անգամ շատ մոտ էր հաջողությանը։ Բայց մինչև ընդմիջում հաշիվը այդպես էլ չբացվեց։
«Պայդեն» երկրորդ խաղակեսում էլ ապացուցեց, որ որակավորման առաջին փուլում Թբիլիսիի «Դինամոյին» պատահմամբ չէր հաղթել։ Էստոնական թիմը պետք եղած ժամանակ պաշտպանվում էր մեծ ուժերով ու փորձում էր առիթ բաց չթողնել հակագրոհ կամ գրոհ կազմակերպելու համար։ «Արարատ-Արմենիան» ընդմիջումից հետո ջանքեր չխնայեց խաղային առավելություն ստանալու ու հաշիվը բացելու համար։ Չնայած վիճակագրական բոլոր տվյալներով մեր թիմն առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, բայց զգացվում էր, որ մեծ ներուժ ունեցող «Արարատ-Արմենիային» խաղային իր որակներին հասնելու համար ժամանակ է հարկավոր։
Քանի որ հիմա չի գործում մրցակցի հարկի տակ խփած գոլի առավելության սկզբունքը, այս ոչ–ոքին կողմերին ստիպելու է պատասխան խաղում մտածել միայն հաղթանակի մասին։ Հուսանք, որ այդ հաղթանակը կուղեկցի հայկական թիմին։
«Արարատ-Արմենիան» պատասխան հանդիպումը Էստոնիայում կանցկացնի ուղիղ մեկ շաբաթից։ Հուլիսի 28-ին կայանալիք դիմակայության հաղթողը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի բելգիական «Անդերլեխտի» հետ։