Կառուցապատողը պարտավորվել է վերականգնել շենքի խճանկարները․ Երևանի քաղաքապետարան

Քարերի ու սիլիկատների ինստիտուտի շենքը. Արխիվային լուսանկար
Վերջին օրերին համացանցում մեծ աղմուկ էր բարձրացել Երևանի ծայրամասերից մեկում գտնվող շենքի ճակատներից կատարված փոփոխությունների պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Շինարարական աշխատանքների ավարտին շենքի ճակատների խճանկարները վերականգնվելու են։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Լևոն Սարդարյանն արձագանքել է վերջին օրերին համացանցում լայնորեն քննարկվող հարցին՝ ինչու, ինչպես և ովքեր են երևանյան շենքերից մեկի ճակատներից ամբողջովին քանդել խճանկարները։
Քաղաքապետի մամուլի խոսնակը նաև հստակեցրել է՝ նախագծման թույտվություն տրվել է 2021 թվականի նոյեմբերի 2-ին։ Թույլտվության կետերից մեկը վերաբերել է հենց խճանկարներին, մասնավորապես, կառուցապատողը պարտավորվել է ամբողջությամբ վերստեղծել դրանք:
«Դե, ինչպե՞ս՝ քննարկվում է, առանց որևէ ճշտման, առանց խնդրին առհասարակ ծանոթանալու, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր գեներացնում են միտքը, թե Երևանում ամենաթողություն է, քանի որ քաղաքապետարանը թույլ է տվել ոչնչացնել շենքի երկու ճակատների խճանկարները: Էս միտքը տարածողներին կփորձեմ հիասթափեցնել՝ նախագծման թույտվության (տրվ. 02.11.2021թ.) 9.7 կետի 11-րդ ենթակետի համաձայն, կառուցապատողը պարտավորվել է շինարարական աշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել շենքի ճակատներում առկա խճանկարները»,- գրել է Սարդարյանը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին համացանցում մեծ աղմուկ էր բարձրացել Երևանի ծայրամասերից մեկում գտնվող շենքի ճակատներից կատարված փոփոխությունների պատճառով։ Ֆեյսբուքյան օգտատերերը տարածել էին լուսանկարներ, որոնցում երևում էր՝ շենքում շինարարական աշխատանքներ են, որոնց արդյունքում նաև ճակատային հատվածից անհետացել են գունավոր խճանկարները։