Արթուր Դավթյանի անվան տարրը գրանցվել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայում

Հայ մարմնամարզիկներից յոթն իրենց անունով կատարած տարրեր ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի անվան տարրը գրանցվել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
«Տղաների սպորտային մարմնամարզությունը համալրվեց ևս մեկ տարրով: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած Աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարեց նոր տարր, որն արդեն պաշտոնապես անվանվեց Դավթյան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ) և այժմ արդեն՝ Արթուր Դավթյանը (նժույգ թափեր)։