ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հանքահումքային ոլորտի ընկերությունների հարկումը 2023 թվականից կրկին կփոխվի. պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտահանման տուրքը, որը սահմանվել է 2021 թ, աշնանը, այլևս չի գործի և կգործի ռոյալթին։ Սովորական շահույթ ունեցող ընկերությունները ռոյալթի կվճարեն նախկին բանաձևով (հասույթի 4% + շահույթի 12,5%), իսկ 15%-ից բարձր շահույթի դեպքում կվճարվի այդ շահույթի 15%–ը։
Այս համակարգը կփոխարինի «ռոյալթի + արտահանման տուրք» սխեման, որը գործում է 2021թ. աշնանից։ Տուրքի չափն ընդունվել է ըստ այդ ժամանակվա պղնձի և մոլիբդենի միջազգային գների 15%-ի (հիմա, երբ գներն իջնում են, իսկ տուրքը մնում է անփոփոխ, տոկոսը մեխանիկորեն բարձրանում է)։
Շա՞տ է, թե՞ քիչ
Ոլորտի հարկային բեռը գնահատելու համար ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ վերլուծություն է կատարել։ Կան երկրներ, որտեղ ռոյալթիի դրույքաչափը շատ ավելի ցածր է, քան Հայաստանում, բայց փոխարենը շահութահարկը անհամեմատ բարձր է: Արդյունքում ՀՀ-ում գործող հանքարդյունաբերության հարկային բեռը (առանց տուրքի, որը 2023-ից կվերանա) միջին մակարդակում է:
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի մոտ
© Sputnik / Aram Gareginyan
Ֆիննախի գնահատականներով` եթե 2023-ին նոր ռոյալթին գործի 2021–ի պղնձի ու մոլիբդենի գների պայմաններում (պղինձ` $9-10 հազ/տոննա, մոլիբդեն` $35-40 հազ/տոննա), ապա լրացուցիչ ռոյալթին տարեկան կկազմի շուրջ 20 մլրդ դրամ:
«Գերշահույթ»
Հիմնական հարցերից մեկն էր որոշել պայմանական «գերշահույթը», որի դեպքում ընկերություններից պետք է գանձել լրացուցիչ հարկ։ Այն որոշվել է 15%–ի չափով:
«Վերջնական տարբերակին միգուցե ոչ լիովին ենք համաձայն, բայց ընդունելի է։ Մեզ համար շատ կարևոր էր երկխոսությունը և այն, որ կառավարությունն ու Ազգային ժողովը հաշվի էին առել մեր խնդիրները»,– ասում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։
Ներդրված արտահանման տուրքի էֆեկտը երկակի էր։ Մի կողմից այն օգնել է կառավարությանն ապահովել բյուջետային ծախսերը՝ առանց նոր վարկերի։ Մասնավորապես` 2022-ի I եռամսյակում այդ տուրքից հավաքվել է 15,3 մլրդ դրամ (համեմատության համար` պետական պարտքի տոկոսավճարներին նույն եռամսյակում ուղղվել է 39,2 միլիարդ դրամ)։
«Մյուս կողմից հանքերը հետաձգել են նոր ներդրումային ծրագրերը կամ ստիպված են եղել դրանց համար նոր վարկեր վերցնել։ Առանց այն էլ, մեր հաշվարկով, գեներացված շահույթի 80-90%–ը վերադառնում է արտադրություն` ներդրումների ձևով», – նշում է Ջհանյանը։
Մասնավորապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (որի գլխավոր տնօրենի տեղակալն է Ջհանյանը), 2020-ին, հայտնի պատճառներով, պակասեցրել է կապիտալ ներդրումները։ 2021 թվականին դրանք նախատեսվում էր ավելացնել։
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր
© Sputnik / Aram Gareginyan
Կոմբինատը նախատեսում էր ներդնել մոտ 7,8 միլիարդ դրամ Արծվանիկի պոչամբարի ռեկուլտիվացման համար (կոմբինատի երեք պոչամբարներից սա ամենախոշորն է)։
2022 թվականին նախորդ տարվա համեմատ կոմբինատը նախատեսում է ավելացնել արտադրության ծավալները 20-25%-ով։ Սրան զուգահեռ անհրաժեշտ է լուծել նաև պոչամբարների խնդիրները։ «Դրա համար կընտրվեն ամենաարդյունավետ որոշումները»,– ընդգծում է նա։
Պղնձաձուլարան
Ոլորտի հարկման անկանխատեսելիությունը կարող է ազդել նաև այնպիսի խոշոր նախագծերի վրա, ինչպիսին է նոր պղնձաձուլարանի ծրագիրը։ «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը (Զանգեզուրի կոմբինատի նոր սեփականատերը) նախատեսում է կազմել նոր գործարանի նախնական հիմնավորումները։ Սա բարդ, ժամանակատար խնդիր է, և ծրագրի իրականացումը կախված է թե՛ տնտեսական, թե՛ (հավանական ինքնարժեքի), թե՛ բնապահպանական (թափոնների պահեստավորման) և թե՛ լոգիստիկ խնդիրների լուծման հնարավորությունից։
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր
© Sputnik / Aram Gareginyan
Իհարկե, նպատակն այն է, որ Հայաստանում վերականգնվի պղնձի արտադրությունը, որը կար խորհրդային տարիներին։ Սակայն, Ջհանյանի խոսքով, ամբողջական գնահատականի համար կարևոր է նաև կանխատեսելի հարկային ռեժիմը։
«Վերադառնալով ռոյալթիին` նշեմ, որ մեզ համար էական է ոչ միայն հարկային բեռը, այլև դրա կանխատեսելիությունը։ Ուստի կառավարության գործընկերների հետ համաձայնության եկանք, որ հարկման նոր ռեժիմը կկայունացվի գոնե հինգ–տասը տարով», – ընդգծում է նա։
Հայաստանում և Արցախում գործում են պղնձի 4-5 հանքավայրեր, որոնց շահագործողները տեսականորեն կարող են ցանկանալ դառնալ գործարանի ներդրող և բաժնետեր։ «Սակայն, բնականաբար, այդպիսի քննարկումներն իմաստ կունենան միայն այն ժամանակ, երբ նախագիծը վերլուծվի մինչև վերջ ու որակվի կենսունակ»,– հավելում է Ջհանյանը։
Նշենք, որ հաշվարկները գտնվում են դեռ շատ նախնական փուլում, և բանկ դիմելու համար բավարար հիմնավորում (bankable feasibility study) կամ շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատական (ESIA) դեռ չի կազմվում։
Առաջնային մանրացման արտադրամաս
© Sputnik / Aram Gareginyan
Պղնձի գները
Պղինձը հայտնի է որպես պրոցիկլիկ ապրանք, այսինքն` այն սերտորեն կապված է համաշխարհային տնտեսության վերելքի և անկման ցիկլերի հետ։ Պղինձն օգտագործվում է արդյունաբերության և շինարարության գրեթե բոլոր ճյուղերում (մոտ մեկ երրորդը` մեքենա– և սարքաշինության մեջ, 28%-ը` շինարարության, 16%-ը` ենթակառուցվածքների և այլն (մանրամասները` այստեղ)։ Հետևաբար պղնձի գներն իսկույն արձագանքում են գլոբալ տնտեսության աճին կամ նվազմանը։
Վերջին մեկ ամսում պղնձի գներն իջել են 9000+ մակարդակից մինչև 7 000 (հազ. դոլար/տոննա)։ Հիմնական պատճառը ԱՄՆ–ում սպասվող տնտեսական դանդաղումն է (տոկոսադրույքների բարձրացումից հետո), մեկ այլ գործոնը Չինաստանում կորոնավիրուսային նոր սահմանափակումներն են։ Գներն ավելի բարձր են, քան նախակորոնավիրուսային 2019 թվին, սակայն 7 000 մակարդակը ոլորտի ընկերությունները չեն համարում բարձր շահութաբեր։
Համեմատության համար նշենք, որ 2018-2019-ին, երբ պղնձի գները գտնվում էին 6-7 հազար դոլարի մակարդակում, Զանգեզուրի կոմբինատի տարեկան համախառն հասույթը կազմում էր 190-200 միլիարդ դրամ, իսկ միայն 2021-ի առաջին վեց ամիսներին (երբ գները 9-10 հազարի միջակայքում էին)` 186 մլրդ։
Ֆլոտացիայի (աղացած ու խոնավացված հանքաքարի քիմիական մշակում) արտադրամասը
© Sputnik / Aram Gareginyan
«Լրացուցիչ շահույթներից մենք պիտի անվտանգության բարձիկ ստեղծեինք գների հետագա իջեցման ժամանակահատվածի համար, սակայն այդ գումարների զգալի մասը վճարվել է պետբյուջե», – ասում է Ջհանյանը։
Ներկայանալ բորսայում
Օրինագծի նախնական խմբագրությունում կար դրույթ, ըստ որի` ռոյալթին հաշվարկելիս առավելություն էին ստանում բորսայում ցուցակված ընկերությունները (նրանց ֆինանսական ծախսերը հանվում էին ռոյալթիի հաշվարկման բազայից)։ Բայց նախագծի վերջնական տարբերակից այդ դրույթը հանվել է (կիրառել այդպիսի նվազեցում, թե ոչ, կթողնվի կառավարության հայեցողությանը)։
Վարդան Ջհանյանի կարծիքով` ԶՊՄԿ-ի նման ոլորտի ընկերությունների հանրային դառնալը դրական քայլ կլինի։
Այդ նպատակով Հանքագործների և մետալուրգների միությունն առաջիկայում նախատեսում է հանդիպել Վարշավայի ֆոնդային բորսայի ղեկավարության հետ (վերջինս դարձել է Հայաստանի ֆոնդային բորսայի հիմնական սեփականատերը)։ Միասին նախատեսվում է քննարկել նոր ընկերությունների ցուցակման հնարավորությունները։