ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ատտիկեի հյուսիսում գտնվող Պենտելի շրջանում երեկ երեկոյան անտառային հրդեհ է բռնկվել, որը շարունակում է տարածվել: Հրդեհի մարման աշխատանքներին լրացուցիչ ուժեր են միացել։ Տեղեկությունը հայտնել է Հունաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Յանիս Արտոպիոսը:
Այժմ տեղում աշխատում են 350 հրշեջներ՝ 13 խմբերով, այդ թվում՝ 28 ռումինացի հրշեջներ: Գործարկվել է 60 ավտոմեքենա, պարբերաբար կիրառվում են 15 ինքնաթիռներ ու 9 ուղղաթիռներ։
«Չնայած սաստիկ քամուն` հրդեհաշիջման օդային միջոցները շարունակում են աշխատել», - ասել է Արտոպիոսը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը վաղ առավոտից գտնվում է ճգնաժամային կառավարման միասնական համակարգող կենտրոնում:
Ինչպես հաղորդում է Հունաստանի վարչապետի մամուլի ծառայությունը, Միցոտակիսը օպերատիվ կենտրոն է մեկնել Աթենքից հյուսիս գտնվող Պենտելի շրջանում բռնկված հրդեհի պատճառով:
Ուշ երեկոյան Միցոտակիսը տեսաակոնֆերանս է անցկացրել օպերատիվ կենտրոնի հետ։