ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենի երեք կայարաններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«ԱԻՆ և ոստիկանության կինոլոգիական և սակրավորական խմբերը ավարտել են որոնողական աշխատանքները Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում, պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ԱԻ նախարարի հրամանով որոնողական աշխատանքները համակարգելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ տնօրեն փրկարարական ծառայության գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
ԱԻՆ–ից հայտնում են, որ որոնողական աշխատանքները շարունակվում են։
Նշենք, որ Երևանի մետրոպալիտենի աշխատանքն այսօր 13.30–ի դրությամբ դադարեցված է, քանի որ ռումբի մասին ահազանգ կա։
Քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին նամակ են ուղարկել, որ մետրոյի բոլոր կայարաններն ականապատված են։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Փրկարարները մարդկանց տարհանել են։