Ապարանի կրակոցներից վիրավորված ԱԱԾ աշխատակիցը դեռ անգիտակից է. փամփուշտը գլխից չեն հանել

Հիվանդանոց
Անշարժ պառկելու հետևանքով երիտասարդի մոտ սուր թոքաբորբ է սկսվել, բժիշկները պայքարում են, բայց հույս չեն տալիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ապարանում հունիսի 19-ի սպանություններից մեկ ամիս անց ԱԱԾ աշխատակից 27-ամյա Սամվել Սանդրոյանն այդպես էլ գիտակցության չի գալիս: Տեղեկությունը հայտնում է Yerevan.Today-ը, որը խոսել է Սամվելի եղբոր՝ Գրիգորի հետ։
Հունիսի 19-ին Նիգավանի մոտ տեղի ունեցած վիճաբանությունից հետո հրազենային վնասվածքներով Ապարանի ԲԿ տեղափոխված 2 անձինք՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, մահացել էին, իսկ 5–ը տեղափոխվել էին բժշկական կենտրոններ: Սպանության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը կալանավորվել է։
«Սամվել Սանդրոյանն «Արմենիա» ԲԿ-ում խիստ հսկողության տակ է պահվում, նա միացված է արհեստական շնչառական սարքերին, և ամենադաժանը՝ կրակոցի փամփուշտը դեռ Սամվելի գլխի մեջ է: Բժիշկները վիրահատությամբ չեն հեռացրել, ասել են՝ վտանգավոր հատվածում է:
«Միայն շնչում է, անգիտակից վիճակում է»,–ասել է Սամվելի եղբայրը։
Նրա խոսքով` անշարժ պառկելու հետևանքով Սամվելի մոտ սուր թոքաբորբ է սկսվել, բժիշկները պայքարում են, բայց հույս չեն տալիս, հորդորում են միայն Աստծուն ապավինել։ Գրիգորը հավելել է, որ եղբոր ապրելու շանսը շատ քիչ է. թոքաբորբը վիճակն ավելի է սրել:
Հիշեցնենք` Sputnik Արմենիային հայտնի էր դարձել, որ «Աստղիկ» ԲԿ-ում մահացած Տիգրան Հարությունյանն Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հարազատներից է։ 28-ամյա Տիգրանն աշխատում էր «Գնթունիք» սուպերմարկետում։