ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Վեդիի ջրամբարի համար Վեդի և Խոսրով գետերի վրա կառուցված ամբարտակներն արհեստականորեն խոչընդոտում են ձկների բնականոն տեղաշարժին: Արարատի մարզ այցելած շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ տեղում քննարկվել է խնդիրը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ Նախարարը փաստել է, որ պետք է նոր լուծում գտնել, որը չի խոչընդոտի ձկների վերարտադրությանն ու միգրացիային։
Իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ այցելությանը Հակոբ Սիմիդյանն աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Օղիկյանին:
Հակոբ Սիմիդյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Օղիկյանին։
Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը:
Հանդիպումից հետո նախարարը շրջայց է կատարել ՊՈԱԿ-ի՝ Վեդի քաղաքում տեղակայված վարչական շենքում գտնվող թանգարանում, որտեղ ներկայացված են արգելոցի ֆլորան և ֆաունան:
Ապա Սիմիդյանն այցելել է Խոսրով տեղամասի այցելուների և տեղեկատվության կենտրոն, շրջել տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու պահպանման ռեժիմի առանձնահատկություններին․ քննարկվել են հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության, ինչպես նաև անվտանգ էկոտուրիզմի զարգացման հետ կապված հարցեր: