Իրանում Էրդողանին ասել են, որ դեմ են Հայաստան-Իրան սահմանի փակմանը

Էրդողանը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի ու հոգևոր առաջնորդի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը։ Այս մասին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում, հայտնում է իրանական ISNA լրատվամիջոցը։

«Եթե լինի Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականություն, Իսլմական հանրապետությունը դեմ կլինի դրան, որովհետև այդ սահմանը համարվում է կոմունիկացիոն երթուղի, որը հազարավոր տարիներ եղել է»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Թուրքիայի նախագահի հետ զրույցում Խամենեին նաև գոհունակություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձվելու» կապակցությամբ։
Կողմերը նաև խոսել են սիրիական հարցի շուրջ, անդրադարձել Թուրքիայի՝ Սիրիայում սպասվելիք ռազմական գործողությանը։ Խամենեին նշել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը շատ կարևոր է:
«Սիրիայի հյուսիսում ցանկացած ռազմական հարձակում լինելու է հօգուտ ահաբեկիչների և ի վնաս Թուրքիայի, Սիրիայի և ամբողջ տարածաշրջանի: Սիրիայի հարցը պետք է բանակցությամբ լուծվի»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով Իրան է մեկնել երեկ։ Այսօր նա հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Թեհրանում կայանալու է Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը, կողմերի միջև ստորագրվելու են համաձայնագրեր տարբեր ոլորտներում։ Էրդողանին ուղեկցում են նաև Թուրքիայի արտաքին գործերի, պաշտպանության նախարարները։
Հայտնի է` ինչ հարցեր են քննարկվելու Թեհրանի գագաթնաժողովում, որին մասնակցելու է Պուտինը
Հավելենք, որ սպասվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Իրան, որտեղ կկայանա եռակողմ հանդիպում Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև։